«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային

Ճգնաժամը կավարտվի, բայց նավթի շուկայի ճակատագիրն առանց ԱՄՆ–ի հետ համաձայնեցնելու սովորությունը կարող է մնալ։
Sputnik

Իվան Դանիլով, ՌԻԱ Նովոստի

ԱՄՆ–ն, համենայնդեպս պաշտոնական մակարդակով, չներառվեց ՕՊԵԿ+ գործարքում, որին մասնակցում են Ռուսաստանն ու նավթ արտահանող այլ երկրներ, սակայն ոչ պաշտոնական մակարդակով այս գործարքին լիովին կարող է մասնակից դառնալ Տեխաս նահանգը, որտեղ արդյունահանվում է ամերիկյան թերթաքարային նավթի մեծ մասը։

Արդեն մայիսի 5-ին կարող է ընդունվել այն բախտորոշ որոշումը, որով «թերթաքարային հեղափոխության» էպիկենտրոնում գտնվող նավթային ընկերություններին կպարտադրվի կրճատել արդյունահանումը, ընդ որում` նավթային ոլորտը կարգավորող տեխասյան պետական գործակալության որոշման նախագիծը մեղմ միջոցներ չի ենթադրում։

Ինչն է ավելի վտանգավոր Ադրբեջանի համար` կորոնավիրո՞ւսը, թե՞ նավթային դարաշրջանի ավարտը

Պաշտոնյաները միայն մեկ բիրտ միջոց ունեն` նրանք առաջարկում են տուգանել յուրաքանչյուր «ավելորդ» բարելի համար, իսկ որպեսզի կորուստներին սովորած թերթաքարային արտադրությամբ զբաղվողները դա զուտ լրացուցիչ ծախս չհամարեն առանց այն էլ ոչ շահավետ բիզնեսի համար, առաջարկվում է մեկ բարելի դիմաց 1000 դոլար տուգանք սահմանել, ինչը պետք է սթափեցնի նույնիսկ ամենաազատատենչ նավթարդյունահանողներին։

Տեխասի գլխավոր ԶԼՄ–ն` Houston Chronicle–ը, հայտնում է կրճատման ծրագրի մանրամասները և թե ինչ կռիվներ կծավալվեն դրա ընդունման շուրջ։

Նավթը՝ ջրի գնով. արդունաբերողները վճարում են, որ իրենց ապրանքը տանող լինի

«Տեխասի երկաթուղային հանձնաժողովը, որը կարգավորում է նավթագազային ոլորտը, հանրային քննարկում է սկսել առաջարկի վերաբերյալ, որը թույլ կտա նահանգում նավթի արդյունահանումը կրճատել ամսական 20 տոկոսով։ Առաջարկված հրամանի տեքստը հրապարակվել էր նիստից առաջ, որի ժամանակ հանձնաժողովը պետք է քվեարկի այդ ծրագրի համար։ Հանձնաժողովը արդյունահանումը կրճատելու մասին հրամաններ չի արձակել 1970-ականներից, սակայն հում նավթի գլոբալ ավելցուկը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, ստիպել է այդ քայլին գնալ։ Pioneer Natural Resources–ն ու Parsley Energy–ն խնդրել են գործակալությանը օգտագործել այդ իրավասությունը։ Այդ խնդրանքը պառակտում է առաջացրել նավթագազային ոլորտում. մանր արտադրողների և շրջակա միջավայրի պաշտպանների կոալիցիան կողմ է արդյունահանման կրճատմանը, այն դեպքում, երբ ոլորտային առևտրային ասոցիացիաները, խոշոր ընկերություններն ու խողովակաշարի օպերատորները կտրականապես դեմ են»։

Ինչ վնասներ են հասցրել կորոնավիրուսն ու նավթի գինը Ադրբեջանի տնտեսությանը

20 տոկոսով կրճատումը գրեթե այնքան է, որքան ստիպված կլիներ կրճատել Տեխասը, եթե նահանգը կամ ԱՄՆ–ն ընդհանուր առմամբ ՕՊԵԿ+–ի հետ համաձայնագիր կնքեր։ Ու այս թիվը դժվար թե պատահական է ընտրված։ Կարելի է ենթադրել, որ որոշակի քաղաքական պահանջ է եղել հենց նման որոշման համար, բայց դա դեռ չի երաշխավորում, որ այն կընդունվի։

Այսօր ԱՄՆ–ում գործում է «շուկան է որոշում» մոդելը, ինչն էլ հանգեցնում է նման միջադեպերի, ինչպիսին եղավ վերջերս, երբ West Texas Intermediate ամերիկյան նավթի գինը հասավ բացասական ցուցանիշի, սակայն այս մոդելը ոչ բոլորին է ձեռնտու։ Փոքր նավթարդյունահանողները (Տեխասում բավական շատ ընկերություններ կան, որտեղ աշխատում է 20–ական մարդ և որոնք օրական 1000 բարելից պակաս են արդյունահանում) կցանկանային արդյունահանման կրճատման հասնել։

Տեխասի կարգավորողների նախագծով` «փոքր նավթային բիզնեսը» կազատվի քվոտավորումից, բոլոր կրճատումներն էլ բաժին կընկնեն խոշոր և միջին ընկերություններին։

Պաշտոնյաների ներգրավմամբ հարկադիր կրճատման գաղափարի նախաձեռնողները՝ Pioneer Natural Resources ու Parsley Energy ընկերությունները թերթաքարային նավթի խոշոր արդյունահանողներ են, սակայն դրանք շատ ավելի փոքր են, քան կոնվենցիոնալ՝ ավանդական, նավթարդյունահանման ոլորտի հսկաները՝ Exxon-ն ու Chevron-ը։

Կրճատումներ նախաձեռնող ընկերությունները հույս ունեն, որ արդյունահանման նվազեցումը հնարավորություն կտա գոյատևելու, մինչև գները նորից կբարձրանան։ Ընդ որում՝ ֆինանսական առումով ավելի թույլ մրցակիցներն ամեն դեպքում կսնանկանան։

Ամերիկյան լրագրողները արդարացիորեն նշում են, որ կոնվենցիոնալ նավթարդյունահանման հսկաները դեմ են կրճատումներին, թեև կարճատև հեռանկարում նրանք կարող են լուրջ ֆինանսական շահ ստանալ։

Այդ դիրքորոշումը մի հավանական ու տրամաբանական բացատրություն ունի. նրանք ուզում են սկզբում տեսնել բոլոր թերթաքարային ընկերությունների մահը, այսինքն՝ օգտվելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից` վերացնել դրանց, դրա համար պատրաստ են մի քանի ամիս կամ ավելի երկար ժամանակ գերցածր գներ պահել։ Թեև պաշտոնական մակարդակով նրանք ասում են, որ մտածում են ազատ շուկայի մասին։

Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում

Bloomberg գործակալությունը գրում է, որ այս պատմությունն ամեն դեպքում տխուր ավարտ է ունենալու։ «Նավթի բացասական գները, անպետք բեռներով ծովերում շրջող տանկերները, թրեյդերները, որոնք ստեղծագործաբար են մոտենում հարցին, թե ուրիշ որտեղ կարելի է նավթ պահել»։

Տրամաբանական կլիներ, եթե ԱՄՆ-ն միանար Սաուդյան Արաբիային, Ռուսաստանին կամ պատասխանատու այլ արդյունահանողներին։ Սակայն նույնիսկ Տեխասի հանձնաժողովի անդամների շարքում կան «շուկայական ֆունդամենտալիստներ», որոնցից մեկը` նախագահ Ուեյն Քրիստիանը, որոշել է մամուլում ելույթ ունենալ ու պաշտպանել ազատ շուկան։

«Հենց COVID-19-ը հաղթահարենք, նավթամթերքի, օրինակ՝ բենզինի պահանջարկը կաճի, քանի որ ամերիկացիները նորից կսկսեն աշխատանքի գնալ։ Իրավիճակը կկայունանա։ Սա առաջին ճգնաժամը չէ, որին բախվում է մեր երկիրը, ոչ էլ վերջինը։ Սակայն երբ մենք դժվարությունների ենք բախվում, հարյուր տոկոս դեպքերում Ամերիկան ուժեղանում է, ինչպես և Տեխասը։ Հենց այդ պատճառով պատրաստվում եմ հավատարիմ մնալ ազատ շուկայի սկզբունքներին ու դեմ եմ Տեխասում քվոտավորմանը»։

«ՌԴ–ն անուղղակիորեն ստիպեց ԱՄՆ–ին միանալ նավթի կարտելային համաձայնությանը». Դավթյան

ԱՄՆ-ն կարող է հրաժարվել կրճատումներից։ Հավանաբար դա այդքան էլ չի ազդի երկրի նավթի շուկայի ճակատագրի վրա, փոխարենը Տեխասի հանձնաժողովի այդպիսի որոշումը բավականին լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա։

Դեռ 2019 թվականին ամերիկացի փորձագետները լրջորեն մտահոգվել էին, որ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը նավթային նոր դաշինք են ստեղծել, որը կարող է բարձրացնել և իջեցնել սև ոսկու գները, ընդ որում՝ դաշինքում ներգրավված էին ինչպես ՕՊԵԿ-ի երկրները, այնպես էլ դրա մեջ չմտնող պետությունները։ Երբ 2020 թվականին «ՕՊԵԿ+»-ի գործարքը տապալվեց, աշխարհաքաղաքականության ոլորտի ամերիկացի մասնագետները իհարկե ցավում էին գների անկման համար, սակայն շատ էին ուրախացել, որ դաշինքն այլևս չի սպառնում ամերիկյան գլոբալ էներգետիկ քաղաքականությանը։

Նավթի շուրջ ստեղծված իրավիճակը կարտելային դավադրություն է հիշեցնում. Մեդվեդև

«ՕՊԵԿ+»-ի նոր աննախադեպ գործարքը ինչ-որ չափով վերածնում է ամերիկացիների սարսափները, նույնիսկ ուժեղացնում է դրանք այն առումով, որ հիմա նավթի շուկայում գործողությունների համակարգումն ընդլայնվել է ու նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է ներառել։

Financial Times-ը հայտնում է․ «Նորվեգիան նավթի արդյունահանումը կկրճատի 13 տոկոսով», իսկ դա նշանակում է, որ Նորվեգիայի կառավարությունը կկատարի «ՕՊԵԿ+»-ին տված իր ոչ պաշտոնական խոստումը դեռ «մեծ գործարքի» բանակցությունների ավարտից առաջ։

Ճգնաժամը կավարտվի, իսկ առանց ԱՄՆ-ի նավթի համաշխարհային շուկաների ճակատագրի մասին պայմանավորվելու սովորությունը կարող է մնալ։ Համեմատաբար մենության կամ առնվազն փոքրամասնության մեջ մնալիս Միացյալ Նահանգներն ու մասնավորապես Տեխասը կարող են սփոփվել միայն նրանով, որ «ազատ շուկայի» սկզբունքներն անձեռնմխելի են մնացել։

Միայն թե այդ սկզբունքները, միևնույնն է, չեն կարողան «կերակրել» թերթաքարային սեկտորին։

Նավթային պատերազմ. Վաշինգտոնը խախտել է գլխավոր արգելքը