Զինծառայողների ճանապարհածախսը պետությունն իր վրա կվերցնի. 700 կմ-ը պատահական թիվ չէ

Մինչև 700 կմ գնալ-գալու գումարը զինծառայողներին այսուհետ կտրամադրվի պետության կողմից: Բայց արձակուրդ մեկնելու համար նրանք ստիպված կլինեն սպասել կորոնավիրուսի համավարակի ավարտին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ժամկետային և պայմանագրային զինծառայողների՝ արձակուրդ մեկնելու ու վերադառնալու տրանսպորտային ծախսերն այսուհետ ամբողջությամբ կհոգա պետությունը: Այս որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում:

Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետեր. լուսանկարներ

Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում

«Քանի որ գործող որոշմամբ սահմանված գումարը չի բավարարում զինծառայողի կատարած ծախսերի ամբողջությամբ փոխհատուցելուն, առաջարկում ենք 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար զինծառայողին հատկացնել 20 000 դրամ փոխհատուցում»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ի դեպ, գործող կարգով տրամադրվում էր կրկնակի ավելի քիչ գումար՝ 10 000 դրամ:

Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մտավախություն հայտնեց, որ նախատեսված 700 կմ-ը կարող է ընկալվել որպես ՀՀ-ից դուրս տարածք մեկնելու իրավունք:

«700 կմ-ը ՀՀ սահմանից դուրս է գալիս: Եթե մենք մեր քաղաքականությամբ ասում ենք, որ ճիշտը դուրս չգալն է, միգուցե չխրախուսե՞նք դուրս գնալը»,- ասաց Ջանջուղազյանը:

Պաշտպանության նախարարը, սակայն, մեկնաբանեց, որ 700 կմ-ը մեկնելու ու վերադառնալու ընդհանուր տարածությունն է, և ոչ թե միայն մեկ ուղղությունը:

«700 կմ-ը պատահական թիվ չէ»,- ասաց Տոնոյանը՝ չբացելով փակագծերը:

Նա նաև հայտնեց, որ որոշումը կտարածվի ոչ միայն ՀՀ ԶՈՒ, այլև ԱԱԾ և ոստիկանության զորքերի ծառայողների վրա:

Կառավարությունը հսատատեց ներկայացված առաջարկը, բայց և հիշեցրեց՝ կորոնավիրուսով պայմանավորված` ժամկետային զինծառայողներին այս շրջանում որոշվել է արձակուրդ չտրամադրել:

Ստեփանյան. «Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն խիստ բժշկական մշտադիտարկման ներքո»