Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերում նոր ոլորտներ կներառվեն

Պետությունը կօգնի նաև այն ոլորտների ներկայացուցիչներին, որոնք նախկինում դուրս էին մնացել կառավարության ընդունած աջակցության ծրագրերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր ընդունած որոշմամբ հավելումներ կատարեց կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ փոփոխությունների արդյունքում ծրագրից օգտվելու իրավունք կստանա լրացուցիչ 36 000 մարդ:

«Ծրագրում ներառվել են հագուստի, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների, կահույքի արտադրության, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից ու քարերից զարդերի պատրաստման, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու նորոգման կետերի աշխատակիցները, ինչպես նաև օդային տրանսպորտի, կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում և ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթի ոլորտում աշխատող քաղաքացիները»,- ասաց Բաթոյանը:

Ծրագրի շահառուներ են հանդիսանում նաև մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի ուսումնական հաստատությունների աշխատակիցները, արվեստի ոլորտի աշխատակիցները, լվացքատների չոր մաքրում կատարող ծառայությունների, տպագրության ծառայություն մատակարարողները:

Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատանք է առաջարկում մարզերի բնակիչներին

Այս ոլորտները նախկինում դուրս էին մնացել կառավարության ընդունած աջակցության ծրագրերից, ինչը դժգոհություններ էր առաջացրել նշված ոլորտների ներկայացուցիչների շրջանում:

Ծրագրի շահառուները կարող են փոխհատուցման համար դիմել մինչև մայիսի 5-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կավելանա 2 մլրդ դրամով:

Փաշինյանի ընտանիքը դուրս է եկել զբոսանքի ու համոզվել՝ կանոնները չեն պահպանվում

Հարցի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության ընդունած 14 ծրագրերից արդեն օգտվել է 775 000 մարդ և 4 100 ուսանող: Տրամադրվել է 54.9 մլրդ դրամի աջակցություն:

Կորոնավիրուսի թվի ռեկորդային աճը հուղարկավորության մասնակցելու հետևանք է. Թորոսյան