Սպանվել է հայերի ջարդերի մասին խոսելու համար․ Բորիս Ջոնսոնի թուրք նախապապի պատմությունը

Ալի Քեմալը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայտնի լրագրող էր։ Նա սպանվել է թուրք ազգայնականի ձեռքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երբեք չի թաքցրել, որ թուրքական արմատներ ունի. այդ մասին վարչապետին ուղղված իր նամակներում հաճախ գրում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքերը Հայոց ցեղասպանության պատճառով հալածում են Քիմ Քարդաշյանին

Սակայն քչերին է հայտնի Ջոնսոնի թուրք նախնու դաժան ճակատագիրը։ Թուրք լրագրող Ուզայ Բուլութը անգլալեզու The Algemeiner պարբերականին պատմել է Բրիտանիայի վարչապետի թուրք նախապապի՝ լրագրող Ալի Քեմալի մասին։

Քեմալը Օսմանյան կայսրությունում հայտնի գործիչ էր, նա նույնիսկ ստիպված է եղել աշխատել երկրի կրթության նախարարությունում։

Նա հայտնի էր իշխանություններին ուղղված իր սուր արտահայտություններով, և ձերբակալվելուց խուսափելու համար 1909թ-ին փախչել է Մեծ Բրիտանիա։

Այնտեղ Քեմալն ամուսնացել է անգլուհի Բրան Ուինիֆրեդի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել է որդին՝ Օսման Քեմալ Ուինիֆրեդ-Ջոնսոնը՝ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնի պապը։

ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը

1919թ-ին Ալի Քեմալը վերադարձել է հայրենիք։ Նա պայքարում էր Թուրքիայի ժողովրդավարացման համար, հոդվածներ էր գրում այդ ոլորտում բրիտանական փորձի մասին։ Բացի այդ, նա այն թուրք քաղաքական գործիչներից էր, որոնք պահանջում էին 1915թ-ի հայերի և այլ քրիստոնյաների կոտորածի համար պատասխանատու թուրք ղեկավարների հանդեպ դատական հետապնդում սկսել։

«Նա քննադատում էր Օսմանյան իշխանություններին՝ հայկական ծագում ունեցող սեփական քաղաքացիների հանդեպ «ռազմական հանցագործությունների» համար, ինչի հետևանքով նրան ինքնադատաստան էր սպասվում։ 1922 թվականին Քեմալին սպանեց թուրք ազգայնական Նուրեդին Իբրահիմ փաշան»,- պարբերականը մեջբերում է հայ պատմաբան Րաֆֆի Բեդրոսյանի խոսքերը։

Նահատակներին «մեր» ու «ձեր»-ի չբաժանենք, կամ Ֆրանսիան կընդունի՞ ասորիների ցեղասպանությունը

2019թ-ին՝ ի հիշատակ Ալի Քեմալի, հայկական ծագմամբ թուրք պատգամավոր Կարո Պայլանը Twitter-ի իր էջում գրել էր․«Ալի Քեմալը բարեխիղճ քաղաքական գործիչ էր։ Նա փորձում էր պատմել այնպիսի լուրջ հանցագործության մասին, ինչպիսին է հայերի ցեղասպանությունը։ Դրա պատճառով նրան Լինչի դատաստանի ենթարկեցին, իսկ մարդասպանները անպատիժ մնացին»։

Պարբերականը նշում է, որ ներկայիս թուրքական իշխանությունները գերադասում են ոչ միայն չտեսնելու տալ Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստերը, այլև լռում են Ալի Քեմալի սպանության մասին։

Նշենք, որ ապրիլի 24-ին Հայաստանը և աշխարհի հայերը հերթական անգամ հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։

«Երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին». Թրյուդոյի գրառումը

Ավանդաբար Թուրքիան ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի ոչնչացման մեղադրանքները և խիստ ցավագին է արձագանքում դրա հետ կապված քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք երկրներ, մասնավորապես՝ Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ներքին պալատը, ԱՄՆ խորհրդարանը, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Չիլին, Հունաստանը, Կիպրոսը, Արգենտինան, Բելգիան, Ուելսը, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի համայնքային պալատը և Լեհաստանի սեյմը։