ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik.Կորոնավիրուսը ցույց տվեց, որ կան աշխատանքային հարաբերություններ, որոնք ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրված չեն: Ստեղծված իրավիճակից ու դրա հետևանքով բացահայտված իրողություններից ելնելով` ՀՀ կառավարությունը որոշել է որոշ փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Կառավարության առաջարկներն այսօր ԱԺ-ի արտահերթ նիստում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:
«Նախ սահմանել ենք հեռավար աշխատանքի հասկացությունը և հեռավար աշխատանքի դեպքում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն ենք նախատեսել»,- ասաց փոխնախարարը:
Միաժամանակ` փոփոխություններով նախատեսվել է նաև, որ գործատուն կարող է չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի դեպքում:
«Այս պահին ևս ունենք այս հոդվածը, որ անհաղթահարելի ուժով պայմանավորված` գործատուն կարող է չվճարել աշխատողին, սակայն այստեղ հստակեցումը վերաբերում է այն դեպքերին, երբ մենք համարում ենք, որ դա անհաղթահարելի ուժ է, և սահմանում ենք, որ անհաղթահարելի ուժի սահմանումը կգործի պարետի որոշմամբ սահմանված որոշակի դեպքերում»,- մեկնաբանեց Ուդումյանը:
Սահմանափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վարակվելու վտանգ չկա. Թորոսյան
Նախագիծը նաև պարապուրդի ժամանակ աշխատողին աշխատավարձից ավելի վճարելու իրավունք է սահմանել, ի դեպ` նաև հետադարձ ուժով, ինչով, ըստ փոխնախարարի, կառավարությունը փորձել է խրախուսել այն բարեխիղճ գործատուներին, որոնք կցանկանան հետին թվով վճարել կորոնավիրուսի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնված իրենց աշխատակիցներին:
Աշխատողին էլ իրավունք է տրվում ֆորս մաժորի իրավիճակում գործատուից պահանջել իրեն տրամադրել չօգտագործված վճարովի արձակուրդը:
Օրենսգրքում առաջարկվում է նաև արտակարգ դրության դեպքում արտաժամյա աշխատանքի օրենքով նախատեսված 4 ժամի փոխարեն սահմանել առավելագույնը 8 ժամ՝ իրար հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Հիշեցնենք՝ հարցի քննարկումը հրատապ համարելով` ՀՀ կառավարությունն այն ներառել է այսօր հրավրված ԱԺ արտահերթ նիստում: