Հողամասերը կապի օպերատորներին հանձնել են չափազանց բարձր գնով. քրգործ է հարուցվել

Հանրապետության 8 մարզերում ուսումնասիրություններ են արվում հողերի ենթավարձակալության ընթացքում հնարավոր խախտումների առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Դատախազությունն ուսումնասիրել է պետությանը կամ համայնքներին պատկանող հողամասերը կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու ոլորտը, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

«Դատախազություն է ստացվել պետական վերահսկողական ծառայության իրականացրած՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկանքը։ Արդյունքում խախտումներ են հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊՎԾ–ի տեղեկանքի` պարզվել են հողամասերը համայնքների ղեկավարների կողմից բավականին ցածր վարձավճարով վարձակալության տրամադրելու, իսկ դրանից հետո վարձակալի կողմից հողը մի քանի, ընդհուպ տասնյակ անգամ թանկ վարձավճարով հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու դեպքեր։

Մեկ տարում պետությանը 45 մլրդ դրամի վնաս են հասցրել. ՀՀ գլխավոր դատախազություն

«Իմ առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»․ Գուրգեն Խաչատրյան

Հաշվի առնելով, որ նկարագրված սխեմայի կիրառումը կարող է ընդգրկել հանրապետության ողջ տարածքը, ՀՀ գլխավոր դատախազը մարզերի դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի կտրվածքով ուսումնասիրություն կատարել։ Դրանց արդյունքներից ելնելով՝ միջոցներ են ձեռնարկվելու նաև օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված ենթավարձակալության պայմանագրերը լուծելու և սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ համայնքների և վարձակալների միջև նոր պայմանագրերի կնքման ուղղությամբ:

Հանրապետության 8 մարզերում (Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Լոռու) դատախազությունների կողմից արդեն սկսել են իրականացվել ուսումնասիրություններ:

Երևանում հանցագործությունների թիվն աճել է. դատախազությունը նոր տվյալներ է հրապարակել

Արդյունքում նախապատրաստված նյութերով արդեն իսկ առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցավոր սխեմաների կիրառմամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Դատախազությունը խոստանում է հարուցված քրգործերի ընթացքի, արդյունքների վերաբերյալ առաջիկայում մանրամասներ հաղորդել։

«Բիլայնը» Ucom–ին վաճառելուց առաջ հաշվի կառնվի ԱԱԾ կարծիքը