ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik.Հայաստանը երեք օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք ուզում են Եվրոպայի երկրներից հայրենիք վերադառնալ Երևանով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Այսպես՝ մայիսի 1-ին, 8-ին ու 15-ին Վրաստանի քաղաքացիները կարող են «Բելավիա» ավիաընկերության չվերթով եվրոպական երկրներից Մինսկով Երևան գալ, որտեղից ավտոբուսներով Վրաստան կտեղափոխվեն։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ապրիլի 28-ից Վրաստանի քաղաքացիների համար փակ է լինելու ցամաքային սահմանը։
Վրաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ եթե Վրաստանի քաղաքացիները որոշել են Երևանով հայրենիք վերադառնալ, ապա պետք է նախօրոք կապ հաստատեն վրացական հյուպատոսարանի հետ, որպեսզի հայտնի լինի նրանց հստակ քանակը։ Հայրենիք վերադառնալուն պես բոլորը պարտադիր բժշկական զննում են անցնելու և մեկուսացվելու են երկու շաբաթով։
Նշենք, որ վրացի միգրանտները հայրենիք վերադառնալու համար հաճախ էին օգտվում Մինսկ-Երևան տարանցիկ երթուղուց։
Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանները փակել է արտասահմանցիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի, նաև դադարեցրել է ավիահաղորդակցությունը։ Մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Դիվանագետները բախվում են անպատմելի իրավիճակների. Զախարովան` Հայաստանից չվերթի մասին