Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են «մաֆիոզ» համակարգ. Փաշինյանի խոսնակի արձագանքը

Վարչապետի դիրքորոշումն այն է, որ Խաչատրյանների` Ucom–ի բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող գումարը փոխանցվի պետբյուջե։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. ՀՀ կառավարության ունեցած տվյալներով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, «մաֆիոզ» համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն:

Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը` անդրադառնալով Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի (ՀՀ նախկին ֆինանսների նախարար, նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու) հայտարարությանը։

Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել պետական մակարդակով ապօրինությունների, իր հանդեպ ճնշումների վերաբերյալ։

«Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը: Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը»,–հայտնում է Գևորգյանը։

Իսկ ինչ վերաբերում է Ucom ընկերությանը, ապա, ըստ վարչապետի խոսնակի, նրա բաժնեմասերի օտարումը ՀՀ օրենսդրությամբ հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Գևորգյանը նշում է, որ այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի միջև վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող գումարը փոխանցվի պետբյուջե: Նրա խոսքով` այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:

«Իմ առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»․ Գուրգեն Խաչատրյան

Փաշինյանի խոսնակը հայտնում է, որ վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի` այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, ապա նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների «մաֆիոզ» համակարգի ներկայացուցիչները:

«Ասեմ նաև, որ վարչապետը մի քանի անգամ, այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրգործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետն առայժմ համբերատար Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների»,–ասում է Գևորգյանը։

Նա նշում է նաև, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սարգսյանի փեսա Մինասյանն է:
Գևորգյանն իր խոսքն ամփոփում է` ասելով, որ վարչապետն ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով:

Հիշեցնենք` Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարության մեջ նշել էր` երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։

Ավելին, որպես պահանջի մաս ներկայացվել է նրանց մյուս կարևոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը ևս։ Սպառնալիքները, ըստ նրա, հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինեն համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով։

Ucom–ը նամակ է ուղարկել աշխատակիցներին

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:
Մեկ օր անց՝ ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։

Նշենք, որ Արա Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարար էր։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է:

Ucom–ը նամակ է ուղարկել աշխատակիցներին

Իսկ Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել էր տնօրենների խորհրդի նիստը (Արա Խաչատրյանի ընտրության նպատակով), ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է:

Հավելենք նաև, որ ապրիլի 23–ին հայտնի դարձավ, որ Ucom ընկերության հիմնադիր, 5.94%-ի բաժնետեր Հայկ Եսայանը եղբոր` Ալեքսանդր Եսայանի հետ նոր ընկերություն են հիմնել։ Այն կոչվում է ՕԼՆԵԹ։ Եղբայրների խոսքով` ՕՆԼԵԹ–ը հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում։

Ucom–ի նախկին գործադիր տնօրենը նոր ընկերություն է հիմնել