Վերջին զանգը չի չեղարկվում, բայց հետաձգվում է

Նախարարը նշել է, որ Վերջին զանգի միջոցառումները կանցկացվեն միայն այն ժամանակ, երբ առողջապահության նախարարությունը կհայտարարի համավարակի հաղթահարման մասին ու գործող սահմանափակումները կվերացվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Վերջին զանգի արարողությունն այս տարի հետաձգվում է անորոշ ժամանակով: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հայաստանում այս տարի դպրոցական քննություններ չեն անցկացվի. նախարար

Նախարարը նշեց, որ Վերջին զանգի միջոցառումները կանցկացվեն միայն այն ժամանակ, երբ առողջապահության նախարարությունը կհայտարարի համավարակի հաղթահարման մասին ու այսօր գործող սահմանափակումները կվերացվեն:

«Մենք միասին որևէ օր կորոշենք, ու Վերջին զանգի արարողությունները կիրականացնենք: Նախարարներն ու պաշտոնյաներն էլ ձեզ հետ միասին կմասնակցեն»,- դպրոցն ավատրող աշակերտներին խոստացավ նախարարը:

Նա չթաքցրեց, որ կարանտինից հետո նման միջոցառումների կարիքը շատերն ունեն, ուստի հենց թույլատրվի հանրային միջոցառումներ իրականացնել, կնշվի նաև վերջին զանգը:

«Ես գիտեմ, թե յուրաքանչյուրիս կյանքում այս իրադարձությունը որքան կարևոր է, որովհետև մի շատ կարևոր էջ փակում ենք ու մի շատ կարևոր էջ՝ բացում: Բայց գիտեք, որ ունենք համավարակի տարծման խնդիր, և ըստ էության պետք է արձանագրենք, որ երիտասարդները, պատանիներն ու աշակերտները, եթե անգամ հիվանդանում են, մեծ մասամբ ախտանիշներ չեն ունենում, բայց դառնում են վարակակիր: Եվ, եթե մեծ միջոցառումներ իրականացնենք, ապա իրենք կարող են վարակը տարածել իրենց ընտանիքներում, որտեղ կան տատիկ-պապիկներ, ծնողներ, որոնք կարող են ունենալ խրոնիկ հիվանդություններ»,- շեշտեց նախարարը:

Որոշ սահմանափակումներ կմեղմացվե՞ն. շուտով կլինի պարետի նոր որոշումը

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ի առավոտվա տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1808-ի: Նրանցից 848-ը առողջացել են, փաստացի բուժվողները 931–ն են, ընդհանուր առմամբ 18547 թեստավորում է իրականացվել, մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսից մահվան 29 դեպք: