Խարբերդում այսօր ընդամենը 10 հայ ընտանիք կա, թեպետ ասում են`հայերի թիվն այստեղ գերազանցում է 3000-ը, այլ հարց է, որ ոչ բոլորն են բացահայտ խոսում իրենց ազգային ինքնության մասին կամ մասնակցում համայնքային կյանքին։
Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում, եթե փնտրես հայկական ինքնությունը պահպանած հայերի, անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կպատմեն, թե ինչպես են իրենց պապերն ու տատերը հրաշքով խուսափել կոտորածից կամ առերես քրդացել ու թուրքացել՝ կյանքը փրկելու համար։ Խարբերդը Արևմտյան Հայաստանի այն պատմական բնակավայրերից է, որը հարյուրամյակների ընթացքում եղել է ճանապարհային հանգույց ժամանակի գերտերությունների բանակցությունների ու առևտրական կապերի համար: Խարբերդ անվան ծագումնաբանության մասին բազմաթիվ տարբերակներ կան։
Ոմանք պնդում են, թե Խարբերդ անունը տվել են այս տարածքում եղած Խար գյուղի պատվին։ Պատմաբանների մեկ այլ խումբ նշում է, որ այն առաջացել է խար և բերդ, այսինքն՝ քարե բերդ անվանումից՝ կապված տեղի պատմական բերդի հետ։ Ավելի քան 4000 տարի առաջ այստեղ ուրարտացիները կառուցել և Խարբերդ են կոչել իրենց առասպելական բերդը, սակայն թուրքական պատմագրությունն այսօր փորձում է ջնջել այն ամենը, ինչ կապված է հայկականության հետ: Խարբերդ անվանումն այսօր գոյություն չունի ոչ պաշտոնական գրությունների, ոչ էլ հանրային գիտակցության մեջ։ «Էլազըղ»` ահա այն անվանումը, որով կոչել են Խարբերդը, երբեմն էլ գավառի կենտրոնը կոչվում է Հարպութ՝ նույն Խարբերդի աղավաղված ձևով։
Սակայն, երբ զրույցի ես բռնվում տեղի բնակիչների հետ, հիշում են, որ մարդիկ մինչև այսօր երբեմն հենց Խարբերդ են անվանում իրենց քաղաքը, քանի որ այդպես ասել են հայերը ցեղասպանությունից առաջ, այդպես ասում են նաև այսօր՝ ցեղասպանությունից հետո այստեղ ապրող քիչ, բայց ազգային ինքնությունը պահպանած հայերը։ Խարբերդում հանդիպում ենք տեղի հայ բնակիչ Մուստաֆա Բալաբանի հետ։
Մենք մահացածների հետ կռիվ չենք էնե. ինչու չեն ուզում հեռանալ Արևմտյան Հայաստանի այս կտորից
Նա պատմում է հայ վարպետների քաղաքի ներկա վիճակի, հայկական թաղամասի և հայերի ունեցած սոցիալական դիրքի մասին։ Մուստաֆա Բալաբանը ցավով է նշում, որ տեղի հայերով հաճախ չեն կարողանում համախմբվել հայկական որևէ արժեքի գոյությունը պահելու համար, բայց անմիջապես ուրախությամբ հավելում, որ վերջերս կարողացել են միավորվել Խարբերդի հայկական բողոքական եկեղեցու ավերումը կանխելու համար։ Ու ստացվել է։
Խարբերդի հայկական բողոքական եկեղեցու մասին 2017-ի գարնանը լրատվամիջոցները շատ խոսեցին: Հայկական եկեղեցին ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում: Սակայն դա չէր խանգարել, որ մեկդարյա հայկական կառույցը տեղի իշխանությունը փորձի քանդել՝ ավտոկայանատեղիի դարձնելու համար: Շինության թուրք սեփականատեր Ջոշքուն Դուրանը ստացել էր եկեղեցու տեղում հյուրանոց կառուցելու թույլտվություն:
Հայերի անեծք, թե խղճի խայթ. ինչու քուրդ ծերունին չէր կարողանում հանգիստ մեռնել
Քրիստոնեական ժառանգության մաս կազմող կառույցը պաշտոնապես սեփականաշնորհելու համար թուրք մասնագետները հայտարարել էին, թե այդ շինությունը չի կարող կրոնական լինել, քանի որ երկհարկանի է և շատ պատուհաններ ունի: Մինչ այդ հայկական բողոքական եկեղեցին կիրառել էին որպես ալյուրի ֆաբրիկա, եղել էր նաև տոնավաճառ, ապա օգտագործվել որպես ոչխարների փարախ։ Լինելով Խարբերդի ճիշտ կենտրոնում` այն հիմա ամենապահանջված կայանատեղիներից մեկն է: Մեքենաների կայանման համար օգտագործվում էր ոչ միայն եկեղեցու շրջակայքը, այլև հենց շենքի ներսի մասը:
Պետք էր պայքարել ազգային հուշարձանը փրկելու համար։ Ու նրանք պայքարեցին և կարողացան հասնել հաջողության՝ ոչ միայն թույլ չտալով քանդել եկեղեցին, այլև բանակցելով կառույցը նորոգելու և որպես պատմամշակութային կոթող վերականգնելու համար:
«Շուտ-շուտ եկեք Խարբերդ․ սա էլ է Հայաստան»,-Մուստաֆա Բալաբանի հրաժեշտի խոսքն էր։
Խարբերդից մեզ ճանապարհելիս տեղացի մեր հայրենակիցը խոստանում է հաջորդ այցին ցույց տալ Խարբերդի հայկական մյուս պատմաճարտարապետական կառույցները, նաև ծանոթացնել ուրիշ խարբերդցիների հետ։