ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսական աշխարհագրական միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանացիների խորտակած «Արմենիա» ջերմանավը հայտնաբերվել է Ղրիմի ափերի մերձակայքում։
Նավագնացության պատմության մեջ ջերմանավի խորտակումը խոշոր ծովային աղետներից մեկն էր, նավի վրա մոտավոր հաշվարկներով 6-10 հազար փախստական է եղել։
Որոնողական աշխատանքներն իրականացրել է ՌԴ ՊՆ-ն` Ռուսական աշխարհագրական միության ստորջրյա հետազոտությունների կենտրոնի մասնագետների հետ։
Խորտակված նավը հայտնաբերվեց Ղրիմից 15 ծովային մղոն հեռավորության և 1.5 կմ խորության վրա։ Այն գտնելու համար պահանջվեց 20 տարի և 300 քառ. կմ տարածքի ուսումնասիրություն։ Գործողություններից մեկին մասնակցում էր նույնիսկ ամերիկացի հայտնի օվկիանոսագետ Ռոբերտ Բալարդը, որը 1985 թվականին հայտնաբերել էր «Տիտանիկը», իսկ 1989-ին՝ գերմանական «Բիսմարկ» գծանավի բեկորները։
ՌԴ ՊՆ-ի ուժերով 2017 թվականին անցկացվող որոնողական գործողությունների ժամանակ մագնիսաչափը ծովի հատակին մագնիսային անոմալիա հայտնաբերեց։ 2020 թվականի մարտին, հերթական որոնողական աշխատանքների ժամանակ, տեղանքը մանրակրկիտ հետազոտեցին հիդրոլոկատորով։ Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հատակին իսկապես գտնվում է մի օբյեկտ, որն իր ուրվագծով հիշեցնում է «Արմենիային»։
Ստորջրյա սարքի մի քանի իջեցում անհրաժեշտ եղավ` հաստատելու համար, որ հայտնաբերված նավն ամեն դեպքում «Արմենիան» է։ Ի վերջո, նավի անվանումը հայտնաբերվեց նավազանգի վրա։
Նավի կմախքը պատված է տիղմի շերտով, սակայն ակնհայտ ճեղքվածքներ չունի, ինչը բացառում է տորպեդահարման հետևանքով նավի կործանման պաշտոնական վարկածը։
«Վերնակառույցների ու տախտակամածի վրա ավերման սարսափելի հետքեր կան. ամուր ձգած պարաններով կառույցը և այլ ուղղահայած տարրերը դուրս են շրջված։ Ամենայն հավանականությամբ, դա նավի վրա գցած ավիացիոն ռումբերի պայթյունների հետևանք է։ Հիմնականում վնասված են ձախ կողմի վերնակառույցների միջին և քթի հատվածները, ինչը կարող է վկայել նավի ուղղությամբ ավիացիոն ռմբակոծության մասին, այսինքն՝ գերմանական ինքնաթիռները հարձակվում էին նավախելի հատվածից», – նշել է Ռուսական աշխարհագրական միության ստորջրյա հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Ֆոկինը։
Հաստատվել է նաև արագ ջրի հատակն իջնելու վարկածը. իլյումինատորների մի մասը կոտրված չէ. դրանք ամբողջությամբ ներս են մտել։ Սա նշանակում է, որ սուզվելու պահին նավում դեռ «օդային գրպաններ» են եղել։
Արշավի մասնակիցներն ասում են, որ «Արմենիայի» ուղղությամբ նոր սուզումներ չեն սպասվում։ Պատճառը միայն մեծ խորությունը չէ։
«Դա զուտ պատմական օբյեկտ չէ. այնտեղ շուրջ 7 հազար հոգի է հանգչում, և տեղանքը փորփրել միայն նրա համար, որ մեզ հետաքրքիր է, բացարձակապես տեղին չէ։ Կուզեի հավատալ, որ 1500 մետր խորությունը կօգնի հուսալիորեն պահպանել հանգուցյալների հանգիստը սենսացիաների սիրահարների և գանձեր որոնողների ապօրինի ոտնձգություններից», – ասել է Ֆոկինը։
«Արմենիայի» կործանման վայրում Նովոռոսիյսկի ռազմածովային կայանի ավագ քահանա Կիրիլը հոգեհանգստի արարողություն է անցկացրել ջերմանավի ուղևորների և անձնակազմի համար: Նրանք զինվորական պատվի են արժանացել. ի հիշատակ զոհերի՝ ջրի վրա ծաղկեպսակ են իջեցրել և մահազդի երեք համազարկ արձակել։
«Արմենիա» ջերմանավի պատմության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Sputnik Արմենիայիայս հոդվածում։