Արևային կայանների չափաբաժինը Հայաստանի էներգահամակարգում ավելանում է. ինչ ցուցանիշներ կան

Մինչև 2021 թվականի վերջը Հայաստանում 210 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայաններ են կառուցվելու։ Դրան գումարած՝ միջազգային ներդրողը երկրում 55 մեգավատ հզորությամբ կայան է կառուցելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Արևային էլեկտրակայանների արտադրողականությունը Հայաստանի էներգահամակարգում 2022 թվականին կարող է հասնել տարեկան 330 միլիոն կիլովատ/ժամի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

Հայաստանն առաջարկում է տուրիզմ և առևտուր. Հորդանանին հետաքրքրում է քիմիան ու էներգետիկան

Արևային էլեկտրակայանների էլեկտրակայության համար հատուկ սակագին է կիրառվում։ Բայց որպեսզի ցանցի վրա չափազանց ծանր բեռ չդրվի, այդ սակագինը քվոտայի շրջանակում է տրամադրվում։ Առաջին քվոտան տասը մեգավատի համար է հայտարարվել։ Այն լրացրել են տասնյակ ընկերություններ, որոնք մոտավորապես մեկ մեգավատի կայաններ են կառուցել։

Հետագայում 100 մեգավատանոց երկու քվոտա է բացվել, դրանցով իրականացվում է կայանների շինարարությունը։ Սակայն այդ լիցենզիաներն էլ արդեն բաժանվել են, ու սկսվել է կայանների կառուցումը։

Եթե մինչև 2021 թվականի վերջը որևէ մեկն առանց հարգելի պատճառների չհասցնի կայանը կառուցել, նրան լիցենզիայից կզրկեն։ Այսպիսով՝ մինչև 2021 թվականը Հայաստանում  արևային կայանների ընդհանուր հզորությունը 210 մեգավատ կկազմի։

Արևային կայանների հզորությունը Հայաստանում կրկնակի կավելանա

«Հաշվի առնելով, որ արևային կայանները տարեկան միջինը 1500-1600 ժամ են աշխատում`այդ կայանները կարող են մոտ 330 միլիոն կիլովատ/ժամ էներգիա արտադրել», - նշեց Ուլիխանյանը։

Քանի որ Հայաստանում տարեկան մոտ 7,6 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրականություն է արտադրվում, այդ «արևային» 210 մեգավատը երկրի էլեկտրականության ավելի քան 4%-ը կկազմի։ Սակայն այս 210 մեգավատից բացի Սևանի ափի մոտ 55 մեգավատանոց արևային կայան է կառուցվում։ Այն կլինի Հայաստանում ամենամեծը։ Այսպիսով՝ ընդհանուր առմամբ արևային էներգիայի չափաբաժինը կգերազանցի 5%-ն ու բավականին նշանակալի կդառնա։

Ահռելի ու էժան. ԱՄԷ–ի ներդրողներին թույլ տվեցին Հայաստանում արևային էլեկտրակայան կառուցել

Նշենք, որ տասը մեգավատի առաջին քվոտայի շրջանակում արևային կայանները շատ ձեռնտու սակագնով են վաճառում էլեկտրականությունը՝ 43,6 դրամ` ԱԱՀ-ն չհաշված։ Մնացած 200 մեգավատի համար պակաս ձեռնտու սակագին է սահմանվել, թեև այն միևնույնն է բավականին բարձր է՝ 24,2 դրամ (նույնպես` առանց ԱԱՀ)։

Ինչ վերաբերում է Սևանի ափի կայանին՝ այն յուրահատուկ սակագնով է աշխատում։ Այնտեղի ներդրողը միջազգային մրցույթի արդյունքում է ընտրվել։ Նիդեռլանդա-իսպանական ընկերությունն ամենացածր սակագինն է առաջարկել՝ 4,2  ցենտ (մոտ 20 դրամ) մեկ կիլովատ/ժամի դիմաց։

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով՝ 2009-17 թվականներին արևային կայանների կառուցման արժեքը նվազել է 76%-ով, սա գերազանցում է էներգետիկայի ցանկացած այլ տեխնոլոգիայի ցուցանիշը։ 2017 թվականին արևային կայանների մեջ արված ներդրումները գերազանցել են վերականգնվող էներգիայի բոլոր տեսակների ներդրումները համատեղ վերցրած (ներառյալ՝ հիդրոէներգետիկան)։