Հանրային պաշտպաններն օգնելու են անվճարունակ քաղաքացիներին լրացնել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման նպատակով ներդրված ծրագրերից օգտվելու դիմումները։
ՀԷՑ-ը խոստանում է չհոսանքազրկել սոցիալապես անապահով բաժանորդներին
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Հարութ Ակլունցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությանը։ Ակլունցի փոխանցմամբ` բազմաթիվ քաղաքացիներ դիմում են Հանրային պաշտպանի գրանսենյակ` խնդրելով աջակցել իրենց դիմումները լրացնելու հարցում, քանի որ դիմումների լրացման ժամանակ առաջանում են որոշակի խնդիրներ և դժվարություններ։ Դրան զուգահեռ, Հանրային պաշտպանի գրասենյակը հանգամանորեն ուսումնասիրել է միջոցառումների շահառուներին։
«8–րդ միջոցառման շահառուները գործազուրկ անձինք են, որոնք մարտի 13-30–ն ընկած ժամանակահատվածում եղել են վարձու աշխատողներ, սակայն հետագայում զրկվել են աշխատանքից։ «ՀՀ փաստաբանության մասին» օրենքի ուժով այդ անձինք հանդիսանում են Հանրային պաշտպանի գրանսենյակի շահառու։ Իսկ 9-րդ ծրագրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց երկու ծնողները, կամ եթե միայնակ խնամող ծնող է, չունեն աշխատանք։ Տվյալ դեպքում ակնհայտ է, որ օգնության տրամադրման հիմքը քաղաքացիների անվճարունակ լինելն է։ Վերոհիշյալ օրենքի համաձայն` անվճարունակ անձինք նույնպես համարվում են շահառու` անվճար իրավաբանական օգնություն ստանալու առումով»,–նշում է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը։
ՓՄՁ–ներին տրամադրվող աջակցության պայմաններն ընդլայնվել են. ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից
Հարութ Ակլունցի տեղեկացմամբ` կառավարության կողմից իրականացվող քաղաքականության համաձայն` օգնությունը տրամադրվում է դիմումներն առցանց լրացնելու միջոցով։ Ըստ այդմ` ենթադրվում է, որ քաղաքացիներն այդ դիմումները պետք է լրացնեն իրենց բնակարաններում կամ գտնվելու հիմնական վայրերում, և, ըստ էության, չեն կարող հաճախել սոցալական աջակցության կենտրոններ։
«Մյուս կողմից` այդ անձինք ունեն պետության կողմից երաշխավորված իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք, հետևաբար, մեր խնդիրն է ապահովել նշված իրավունքի պատշաճ կատարումը, իրացումը»,– ասում է փաստաբանը։
Ակլունցի փոխանցմամբ` հայտարարությունը տարածվել է այսօր առավոտյան, և արդեն իսկ ստացվել են բազմաթիվ զանգեր։ Քաղաքացիները փաստաթղթեր են ուղարկում, որպեսզի դիմումների լրացման գործընթացն ապահովվի։
«Թեև կորոնավիրոսի կանխարգելման շրջանակներում Փաստաբանների պալատը և, մասնավորապես, Հանրային պաշտպանի գրասենյակը նույնպես ձեռնարկել են որոշակի քայլեր և հայտարարել, որ աշխատանքները մեծամասամբ կատարվելու են առցանց, բայց եթե բացառիկ դեպքեր են լինում, երբ առաջանում է տեղում հանդիպելու և խորհրդատվություն մատուցելու խիստ անհրաժեշտություն, ապա քաղաքացիները հրավիրվում են գրասենյակ։ Կոնկրետ նշված դիմումների առումով` որևէ խնդիր չկա, ընդամենն անհրաժեշտ է կապի միջոցներով կամ էլեկտրոնային եղանակով ուղարկել փաստաթղթերի տվյալները հանրային պաշտպաններին, որպեսզի նրանք օգնեն լրացնել դիմումները»,– նշում է փաստաբանը։
Հարութ Ակլունցը քաղաքացիներին հորդորում է իրենց հետ կապ հաստատել Հանրային պաշտպանի գրասենյակի հրապարակած հեռախոսահամարներով։ Գրասենյակը կաշխատի աշխատանքային սովորական գրաֆիկով։
«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին