Թուրքիայում հունիսից կբացվե՞ն ծովափնյա հանգստավայրերը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» առցանց քննարկմանը բանախոսներն անդրադարձել են Թուրքիայում տիրող իրավիճակին ու այդ երկրի իշխանությունների ծրագրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Թուրքիայում կորոնավիրոսի համավարակով պայմանավորված սահմանափակումները կիրառվում են նահանգ առ նահանգ, երկրի ընդհանուր տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանված չէ: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտնեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Վրաստանում ավելի կարգապա՞հ են, թե՞ թեստերն են քիչ. դեսպանը՝ կորոնավիրուսի դեպքերի մասին

Նա նշեց, որ պաշտոնական տվյալներով Թուրքիայում գրանցված է վարակի 110 000, մահվան՝ ավելի քան 2 800 դեպք: Այս տվյալներով Թուրքիան աշխարհում առաջատար դիրքերում է:

«Երկար ժամանակ Թուրքիայի իշխանությունները խուսափում էին սահմանափակումներ մտցնելուց: Չնայած, որ ընդդիմադիր քաղաքապետները կոչ էին անում տեղաշարժի սահմանափակումներ մտցնել, բայց իշխանությունները երկար ժամանակ չէին արձագանքում այս կոչերին: Միայն երկու շաբաթ առաջ մեկ ժամվա ընթացքում որոշում կայացվեց տեղաշարժի սահմանափակում մտցնել շաբաթ-կիրակի օրերի համար, ինչը բերեց նրան, որ գիշերով խանութների առաջ ֆանտաստիկ հերթեր առաջացան, ու կարծում եմ՝ ձեզանից շատերը տեսել են այդ կադրերը, թե ինչպես են մարդիկ հերթում իրար ծեծում, որ մտնեն խանութ»,- ասաց Գեղամյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով այդ երկրի տնտեսության կրած վնասներին՝ փորձագետը հայտնեց, որ հիմնականում տուժել է զբոսաշրջության ոլորտը:

Ինչ վնասներ են հասցրել կորոնավիրուսն ու նավթի գինը Ադրբեջանի տնտեսությանը

«Անցյալ տարի գրանցվել էր 35 մլրդ դրամի եկամուտ միայն զբոսաշրջության ոլորտից: Այս տարի այդ եկամուտները չեն լինի: Սակայն պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս գոնե խրախուսի տուրիզմի զարգացումն այս դժվարին ժամանակներում: Համաձայն Էրդողանի ներկայացրած ճանապարհային քարտեզի, որն անցյալ շաբաթ նա ներկայացրեց երկրի իշխող վերնախավի հետ հանդիպմանը, նախատեսվում է, որ Ռամադանի վերջին շաբաթում բոլոր սահմանափակումները կվերացվեն, ռեստորանները, հյուրանոցներն ու մեծ առևտրային կենտրոնները կբացվեն»,- նշեց Գեղամյանը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 3 մլն-ին. որ երկրներն են «առաջատար»

Նա հայտնեց, որ որոշ սահմանափակումներ նախատեսվում է կիրառել, մասնավորապես՝ հյուրանոցները կաշխատեն իրենց թողունակության 50%-ի չափով, ռեստորանները՝ 30 և այլն:

«Բացի այդ, տուրիզմի նախարարությունը հանդես է եկել կորոնավիրուսից զերծ տարածքների նախաձեռնությամբ, որտեղ ընդգրկվել են Միջերկրական ծովի ծովափնյա տուրիստական տարածքները: Այստեղ հունիս ամսից խրախուսվելու է տուրիզմը՝ երաշխավորելով, որ այստեղ կորոնավիրուս չկա»,- ընդգծեց նա:

Փորձագետը նաև հայտնեց, որ գների աննախադեպ անկում է գրանցվել գյուղմթերքների շուկայում, աճել են գործազրկությունն ու հանցավորությունը: Փոխարենը Թուրքիայի իշխանություններն անվճար դիմակներ են տրամադրում քաղաքացիներին, ինչը Վարուժան Գեղամյանի դիտարկմամբ, պաշտոնական քարոզչությունը ներկայացնում է իբրև մեծ ձեռքբերում: