Գրոհայինները հայկական թաղամասերի վրա են կրակել․ ինչ է կատարվում հիմա Դեյր էլ Զորում

Ահաբեկիչները մի քանի տարի շարունակ քաղաքը շրջափակման մեջ են պահել։ Հիմա, ըստ էության, այն պետք է հիմքից վերակառուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik․ Դեյր էլ Զորի (Սիրիա) կենտրոնը վերջին կատաղի մարտերի պատճառով գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Տեղեկությունն այսօր հայտնել է ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը:

Նշվում է, որ ահաբեկիչներն ականներով և հրթիռներով առաջին հերթին հարվածներ են հասցրել հայկական և քրիստոնեական թաղամասերին, որտեղի բնակչությունը երբեք չի աջակցել իսլամիստ գրոհայիններին:

Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք

Այդ թաղամասերի բազմաթիվ շինություններ ոչնչացված են։ Ընդհանուր առմամբ շենքերի գրեթե 85% -ը քանդված է։ Այն շինությունները, որոնք հնարավոր չի լինի վերականգնել, կքանդեն։ 

Վնասված տաճարներից մեկում բարբարոսները խոշոր տրամաչափի գնդացրից գնդակոծել են բեմը, և հենց այստեղ էլ հետո իրենց համար ուտելիք են պատրաստել։ Գրոհայինները եկեղեցուց տարել են բոլոր թանկարժեք իրերը, անգամ փորձել են քանդել գերեզմանները՝ զարդեր փնտրելով։ Տաճարի պատերին ամենուր արաբերեն գրություններ են թողել` սպառնալիքներով։ Բացի այդ, այրել են եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցը։

«Հայերն այս դժվար պահին մեր կողքին են». ՀՀ հումանիտար խումբը օգնել է Հալեպի հոսպիտալին

Այդ տաճարից ոչ հեռու գտնվում են ավերված Սրբոց Նահատակաց վանքը և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը։ Դեռ նախորդ դարի սկզբին Դեյր էլ Զորի թուրքական համակենտրոնացման ճամբարում հազարավոր հայեր էին սպանվել։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է վերականգնել եկեղեցին։

Զինյալները Սիրիայի Էբլա հնագույն քաղաքի պեղումների տարածքից ոսկի են հափշտակել 

Ահաբեկիչները քաղաքը փաստացի շրջափակման մեջ էին պահում մի քանի տարի շարունակ։ Այժմ` ազատագրումից հետո, Դեյր էլ Զորը ըստ էության նորից  պետք է կառուցվի։ Սիրիայի իշխանությունները քաղաքի վերականգնման նախագիծ են մշակել։ Հիմա այստեղ շատ ավելի քիչ մարդ է բնակվում, քան պատերազմից առաջ։ Եթե առաջ քաղաքի բնակչությունը կազմում էր ավելի քան 200 հազար մարդ, ապա այսօր ընդամենը մի քանի տասնյակ հազար բնակիչ կա։  

Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկողության ռուսական կենտրոնի փորձագետներն առաջին հերթին դպրոցները, հիվանդանոցները և այլ կարևոր ենթակառուցվածքները վերականգնելու համար անհրաժեշտ միջոցների գնահատում են իրականացրել: Այս պահին Դեյր էլ Զորին շինարարական տեխնիկա, նյութեր և աշխատող ձեռքեր են հարկավոր։

Հալեպի արվարձանում վերականգնում են Էլ Համդանիա շրջանը. լուսանկարներ

Քաղաք վերադարձած բնակիչներին իշխանություններն օգնություն են ցուցաբերում։ Շատերը սկսել են սեփական ուժերով վերակառուցել իրենց տները։