Թուրքիան մենակ է մնում ժխտման մեջ. ֆրանսիական պարբերականը Սարգսյանի հոդվածն է հրապարակել

Le Monde պարբերականի հրապարակած հոդվածում անդրադարձ է կատարվում 1915–ի դեպքերին, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականը հրապարակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի` «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» հոդվածը։

«Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել», - գրում է ֆրանսիական Le Monde հեղինակավոր պարբերականը` ներկայացնելով Սարգսյանի հոդվածը։

Իսկ իր հոդվածում նախագահը, մասնավորապես, նշել է, որ ամբողջ աշխարհն այսօր անցնում է աննախադեպ ու աներևակայելի ճգնաժամի միջով, սակայն մի աղետը դուրս չի մղում մյուսին. հայ ժողովուրդը լավագույնս գիտի դա:

Ծիծեռնակաբերդում հիշատակի ղողանջներն են հնչում. հարգանքի տուրք` մեծ համերգով. տեսանյութ

Նրա խոսքով` երիտթուրքական կառավարությունը, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ստեղծած խժդժություններից, 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի և աներևակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ և սպանություններ:

Անդրադառնալով Ցեղասպանության շարժառիթներին` Սարգսյանն իր հոդվածում գրել է, որ դրանք երկուսն են եղել` քաղաքական և գաղափարախոսական։ Քաղաքականն այն է, որ անկախությունը, որին հայ ժողովուրդը ձգտում էր, կայսրության մարմնից կպոկեր ստրատեգիական գերկարևորություն ներկայացնող հատվածը, որը փակում էր թուրքերի ճանապարհը դեպի Կովկաս և միջինասիական երկրներ:

Հայերի անեծք, թե խղճի խայթ. ինչու քուրդ ծերունին չէր կարողանում հանգիստ մեռնել

Իսկ գաղափարախոսական շարժառիթ ասելով էլ նկատի ունի, որ թուրքական ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ և բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան և մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկաս և Միջին Ասիա: Իսկ այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջև, ինչպես նաև Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:

«Այս շարժառիթներն այսօր էլ առկա են նախ Արցախում, որպես Թուրքիայի ինտերվենցիոն քաղաքականության դրսևորում, այնուհետև՝ Անկարայի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակում»,–իր հոդվածում գրել է նախագահը։

Նա չի մոռացել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ֆրանսիայի ունեցած դերի մասին` գրելով, որ նա այս պայքարի առաջամարտիկն է: Սարգսյանը վստահեցնում է` գնալով` Թուրքիան մենակ է մնում իր ժխտման մեջ և եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառերեսվի սեփական պատմության ամենաողբերգական էջերի հետ և վերջնականորեն կշրջի դրանք:

«Թուրքիայի խորհրդարանին առաջարկելու եմ առերեսվել Հայոց ցեղասպանության հետ». Փայլան

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ուժեղ Հայաստանը, ըստ նախագահի, հաղթաթուղթ է տարածաշրջանի կայունության համար, Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Հայաստանը կարող է կամուրջ լինել տարբեր աշխարհների միջև այնքանով, որ երաշխավորվի նրա խաղաղությունն ու անվտանգությունը:

Հիշեցնենք, որ երեկ էլ լիբանանյան L'Orient-Le Jour պարբերականն էր Արմեն Սարգսյանից հոդված հրապարակել։

«Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով հոդվածը նույնպես անդրադարձ էր կատարում 1915-ի դեպքերին, ինչպես նաև ճանաչման ու դատապարտման հարցն էր արծարծում։

Մեր նախնիների կառուցած Թուրքիան. ինչո՞վ պատասխանեցին թուրքերը հայերին