Ի՞նչ են ուտում մեկուսացված քաղաքացիները Հայաստանում. տեսանյութ

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է մատակարարող ընկերություններից մեկի ռեստորանում ու պարզել, թե ինչ են մատուցում կորոնավիրուսի պատճառով մեկուսացված քաղաքացիներին։
Sputnik

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանները փակ են կորոնավիրուսի պատճառով, սակայն ընկերությունն ապրիլի 6-ից սկսել է համագործակցել պետության հետ ու երեքանգամյա սնունդով է ապահովում մեկուսացված քաղաքացիներին։ Մինչ այդ էլ անհատույց «սննդային շտապօգնության» էր հասնում բոլոր նրանց, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեին` մարզային մեկուսարանում գտնվողներից մինչև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ընդունարանը կառուցող շինարարներ։

«Աղջիկս ամեն օր զանգում, հարցնում է` ինչու տուն չես գալիս». «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն

Ճաշացանկը նախապես կազմվում է մեկ շաբաթվա համար, որպեսզի ուտեստները չկրկնվեն ու չհոգնեցնեն մեկուսացված մարդկանց։ Նախաճաշին նրանց մատուցում են զանազան շիլաներ ու ձվաձեղի տեսականի, ճաշին` ապուր, մսային ուտեստ, աղցան և խորտիկներ, իսկ երեկոյան` յոգուրտ, միրգ և քաղցրավենիք։ Քիչ չեն դեպքերը, երբ մեկուսացվածները զանազան ցանկություններ են հայտնում, դիաբետիկների և բուսակերների ցանկություններն անպայման հաշվի են առնվում։

«Մեկուսացվածներից մեկի հետ երեխա կար, խնդրեցին նրա համար հատուկ շիլա ու առանց չամիչի կարկանդակ տանել, իհարկե արեցինք։ Հետո ծնողն ընդհանուր նամակագրության մեջ ուղարկել էր երեխայի նկարն ու գրել, որ մի շնչով կերել է», – պատմեց ընկերության կոմերցիոն տնօրեն Արշակ Գևորգյանը։

Ճաշացանկը կազմելիս խոհարարները հաշվի են առնում այն փաստը, որ մարդիկ փակ տարածքում են, ու այնպիսի ուտեստներ են պատրաստում, որոնք համեղ են, սննդարար ու քիչ են գիրացնում։ Սննդի հետ նաև ջուր ու կոմպոտ է մատակարարվում։ Նաև հետևում են, որ մթերքն անպայման թարմ լինի, իսկ ուտեստներն արագ հասնեն կարանտինում գտնվող մարդկանց, որպեսզի տաքացնելու անհրաժեշտություն չլինի։

Հիշեցնենք` ապրիլի 25–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 1677։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 17 342 մարդ: Վարակվածներից 803-ն արդեն առողջացել են, 846–ը դեռ բուժվում են։ Մահվան դեպքերը 28–ն են։

Դուք էլ մեզ օգնեք. «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բուժանձնակազմը միայն մեկ խնդրանք ունի