Ցեղասպանության ճանաչումը համամարդկային օրակարգի հարց է. Փաշինյանի ուղերձը՝ Ծիծեռնակաբերդից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ապրիլքսանչորսյան ուղերձում շեշտել է, որ ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության մասին հիշելու:
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքից Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել, որում ասվում է, որ ապրիլի 24-ը ոչ միայն Ցեղասպանության անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության մասին հիշելու: Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է համամարդկային օրակարգի հարց:

«Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը: Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում»,- ասում է վարչապետն իր ուղերձում:

Նրա խոսքով՝ այսօր մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դրանց արդյունավետ կերպով դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին:

Խորհրդավոր մթություն ու երկինք հառնող լույսեր․ հայերը շարունակում են հիշել ու պահանջել

«Մենք պետք է ջանք չխնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար»,- ասում է Փաշինյանը:

Աղոթենք հանուն արդար դատի պահանջատիրության հաղթանակի. Գարեգին Բ

Հայաստանը, նրա խոսքով, պետք է ջանք չխնայի, որ դաշնակիցների հետ հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում բարեկամների թիվը շատանա: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիները չեն կարողանա այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

Այսօր Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցները կարող են 1915 կարճ համարին ուղարկել sms հաղորդագրություն և երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով տեսնել իրենց անուն-ազգանունները, ապահովելով իրենց խորհրդանշական մասնակցությունը։ Իսկ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են իրենց անուն- ազգանունները ուղարկել 0037433191500 հեռախոսահամարին։ Մեկ հաղորդագրության արժեքը կլինի 1 դրամ։

Ոճրագործները` ազգային հերոսներ, կամ ինչպես թուրքերը տիրացան հայերի ունեցվածքին

Ծիծեռնակաբերրդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։

Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոները։ Մասնակիցները միարժամանակ չեն լինելու Ծիծառնակաբերդում, այլ փոխարինելու են միմյանց․ կլինեն առավելագույնը 5 անձ ՝ բացօթյա միջավայրում։

Ելույթ կունենան Սիմֆոնիկ, Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր երգչախմբերով և նվագախմբերով, լարային քառյակներ, ճանաչված օպրերային երգիչներ և այլք։

Ցեղասպանության ճանաչումը պատասխանատվության զգացում է. Արցախի նախագահ