«Գազպրոմ Արմենիան» հստակեցրել է` որ բաժանորդների գազամատակարարումը կդադարեցնի

Ընկերությունը հայտարարություն է տարածել` կրկին անդրադառնալով գազամատակարարման անջատումների հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն առաջին հերթին կդադարեցնի այն բաժանորդների գազամատակարարումը, որոնք ավելի քան 30 հազար դրամի գազ են սպառել և վճարում չեն կատարել։

«Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»,–նշված է ընկերության հայտարարության մեջ։

«Գազպրոմ Արմենիան» ապրիլի 22-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:

ԵԱՏՄ-ում գազի գնի փոփոխության հարցում կողմերը համաձայնության չեն եկել

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ ՀՀ պարետի հայտարարած սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք, ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը։

Հակաճգնաժամային ծրագրերի շահառուները հաստատ չեն տուժի. «Գազպրոմի» և ՀԷՑ–ի պատասխանը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։

Կօգնեն մինչև 30 հազար դրամի գազ և 10 հազար դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիներին