«Եկեք հարգենք կյանքը»․ Մխիթարյանի հուզիչ գրառումը Հայոց ցեղասպանության տարելիցի մասին

Ֆուտբոլիստը կոչ է արել բոլորին հարգել 1915  թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ու երբեք չմոռանալ նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ ու իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի ու Instagram-ի իր էջերում Հայոց ցեղասպանության զոհերի օրվան նվիրված հուզիչ հրապարակումներ է արել։

«Այս տարի ապրիլի 24 –ին ստիպված ենք տանը մնալ, բայց միևնույնն է միասին հիշում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և ոգեկոչում անմեղ զոհերի հիշատակը։ Եկեք հարգենք նրանց հիշատակը, եկեք հարգենք կյանքը ու երբեք չմոռանանք», - գրել է Հենրիխը սոցցանցերում։

Հայաստանի հավաքականի ավագը հրապարակել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը, որում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողից երկնագույն լույս է ճառագում։

Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիները չեն կարող այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Սակայն Ծիծեռնակաբերրդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։

Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոնները։ Մասնակիցները միաժամանակ չեն լինելու Ծիծառնակաբերդում, այլ փոխարինելու են միմյանց․ համերգի ընթացքում միասին կլինեն առավելագույնը 5 անձ ՝ բացօթյա միջավայրում։