Քիմ Քարդաշյանը բոլորին խնդրում է դիտել «Ցեղասպանության թոռները» տեսահոլովակը

Ամերիկահայ հեռուստաաստղը հրապարակել է 2015 և 2019 թվականներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու իր լուսանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Twitter–ի և Instagram–ի իր էջերում գրառումներ է կատարել և լուսանկարներ հրապարակել։

«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Այնքան հպարտ եմ, որ ԱՄՆ սենատն ու Կոնգրեսը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը»,– գրել է Քիմը։

Հեռուստաաստղը որոշել է իր բաժանորդներին ներկայացնել երաժիշտներ Արամ Բաժակյանի, Ալան Սեմերջյանի և նկարիչ Գևորգ Մուրադի «Ցեղասպանության թոռները» խորագրով անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը։

«Ֆիլմի բոլոր ստեղծողները ցեղասպանությունը վերապրածների թոռներ են։ Դիտեք այս ֆիլմն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի»,– հավելել է Քիմը։

Բացի այդ, ամերիկահայ հեռուստաաստղը հրապարակել է 2015 և 2019 թվականներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցի լուսանկարները։

Քիմ Քարդաշյանը բոլորին խնդրում է դիտել «Ցեղասպանության թոռները» տեսահոլովակը

2015 թվականի ապրիլին Քարդաշյանն այցելել էր Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ 2019 թվականին նա Երևան ժամանեց`ՏՏ համաշխարհային համաժողովի(WCIT 2019) շրջանակում։

Քիմ Քարդաշյանը բոլորին խնդրում է դիտել «Ցեղասպանության թոռները» տեսահոլովակը

Քիմի հայրը փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է, որը մահացավ 2003 թ.։ Ռոբերտ և Թոմ Քարդաշյանները Արթուր Քարդաշյանի և Հայկուհի (Հելեն) Քարդաշյանի որդիներն են: Արթուրի և Հայկուհու ծնողները XX դարի սկզբին Էրզրումից և Թուրքիայի Կարա շրջանից գաղթել են ԱՄՆ: Քիմն իր ազգանունը ժառանգել է մեծ հորից՝ Սաղաթել Քարդաշյանից: