Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը 27 տարեկան է. նախարարը նոր տվյալներ հայտնեց

ՀՀ առողջապահության նախարարը կառավարության նիստում հայտնեց, թե ինչ իրավիճակ է Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Կորոնավիրուսից ակտիվ բուժում ստացող ՀՀ քաղաքացիների թիվն այս պահին 840 է: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվն արագ տեմպով ավելանում է. նոր տվյալներ

«Ունենք ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով՝ 230 հոգի, արհեստական շնչառությամբ՝ 5 մարդ: Նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան: Սակայն ունի ծանր խրոնիկ հիվանդություն: Բժիշկներն ամեն ինչ անում են ու հույսեր կան, որ կկարողանանք  կյանքը փրկել» ,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ հիվանդության տարածման աճի տեմպը գրեթե չի փոխվել: Մահճակալային ֆոնդը դեռ բավարարում է: Այլ տարբերակի անցնելու՝ թեթև դեպքերը տանը պահելու կարիք ներկա պահին դեռ չկա:

Բայց գործունեության որոշ տեսակների վերսկսումը, Թորոսյանի համոզմամբ, կարող է վտանգավոր լինել, ուստի նախարարը խորհուրդ է տալիս զգոնությունը չկորցնել:

Պարետի նոր որոշմամբ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը. էլ ինչ է թույլատրվում

Արսեն Թորոսյանը նաև հայտնեց, որ աշխարհում այսօր ակադեմիական շրջանակներում խոսվում է հիվանդության հնարավոր երկրորդ ու ավելի հզոր ալիքի մասին:

«Աշխարհի շատ երկրներ գնում են սահմանափակումների թուլացումների, բայց վստահություն չկա, որ դա չի բերելու նոր դեպքերի աճի»,- ասաց նա:

Հիշեցնենք` ապրիլի 23–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1523 է։ Ունեցել ենք մահվան 24 ելք։