Պետությունը հարկ վճարողներին նոր գործիք է առաջարկում. ի՞նչ կտա օրենքի փոփոխությունը

Ստացվում է, որ 1.5 մլն դրամ չվճարած հարկային պարտականություն ունեցող անձինք ստանում են տարեկան 14.6 տոկոսադրույքով «վարկային գծի» հնարավորություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի –Sputnik. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ պետությունը «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելով` հարկ վճարողներին նոր գործիք է առաջարկում` քվազի վարկավորման գործիք։ 

«Փոփոխության համաձայն` կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի ընթացքում իրենց հարկային պարտավորությունները չկատարած գործարարների նկատմամբ տույժ-տուգանքների չափերը կրկնակի կնվազեցվի՝ 0.075%- ից դառնալով 0.04%-ի: Իսկ տնտեսվարողի գույքի վրա արգելանք կկիրառվի 500 000–ի փոխարեն 1.5մլն դրամի չկատարված հարկային պարտավորության դեպքում»,–ասաց Անանյանը։

Նրա խոսքով` եթե համադրեն փոփոխությունները, ստացվում է, որ 1.5 մլն դրամ չվճարած հարկային պարտականություն ունեցող անձինք ստանում են տարեկան 14.6 տոկոսադրույքով «վարկային գծի» նման մի հնարավորություն։ Եվ այս պարագայում, ըստ ՊԵԿ նախագահի, այլ սանկցիաներ, մասնավորապես`չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, գույքի արգելանքի գործառույթներ, չեն իրականացվում։

ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց. Մելքումյանի նախագիծն ընդունվեց, Թունյանինը հետաձգվեց

ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև փոփոխության գաղափարի ստեղծմանը` ասելով, որ կարող է արդարացի հարց առաջանալ` այն կառավարությա՞ն, թե՞ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի մտահղացումն էր (օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն ԱԺ էր բերել Մելքումյանը,-խմբ.)։

Անանյանը նշեց, որ այս փոփոխությունները քննարկվել են կառավարությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով հրավիրված քննարկման ժամանակ։

Կորոնավիրուսի պատճառով հարկերը չվճարած գործարարների տույժ-տուգանքները կնվազեցվեն

Այնուհետև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ ժամանակին նաև Միքայել Մելքումյանն է հանդես եկել տնտեսվարողի գույքի վրա արգելանքի կիրառման շեմի բարձրացման առաջարկով։ Ուստի որոշվել է գործընկերային համերաշխության հիմքով էլ նախագիծը ներկայացնել որպես պատգամավոր–կառավարություն նախագիծ։

Անանյանն ասաց նաև, որ փոփոխությունները կկիրառվեն ապրիլի 21–ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

«Մենք դեռևս չենք հասցրել ավտոմատացված համակարգերում ծրագրային թարմացում կատարել և եթե մոտակա 1-1.5 ամսվա ընթացքում տեսնեք, որ տույժերը հաշվվում են 0.075 տոկոսով, ապա մտահոգվելու առիթ չկա։ Երբ ավտոմատացված համակարգում ամեն ինչ կարգավորվի, մենք վերահաշվարկ կանենք»,–ասաց Անանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ–ն ընդունեց ապրիլի 22-ին։

Կորոնավիրուսը միավորել է իշխանական ու ընդդիմադիր խմբակցություններին. կհանդիպեն 3 ժամից