Զինծառայողների ընտանիքները թանկարժեք բուժումներն անվճար կստանան, բայց իրավիճակ է փոխվել

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում պետության գումարների հիմնական մասն ուղղվում է հետևանքների չեզոքացմանն ու վիրուսի տարածման դեմ պայքարին: Ֆինանսնաների նախարարը հիշեցնում է՝ բյուջեն անսահմանափակ չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Պետությունը չի կարող բոլոր քաղաքացիների բոլոր ծախսերը վերցնել իր վրա: Այսօր կառավարության նիստում նման հիշեցում արեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ զինծառայողների ընտանիքների անդամներին պետպատվերի շրջանակներում մատուցվող բուժծառայությունների նոր ցանկը հաստատելու որոշման քննարկման ժամանակ:

Ազգային ժողովը դարձյալ արտահերթ նիստ կգումարի

«Նախատեսվում էր, որ այս ֆինանսավորումն իրականացվելու է առողջապահության ընդհանուր հատկացումներից, բայց վերջում հանգել է նրան, որ կա՛մ պահուստային ֆոնդից հատկացում կարվի, կա՛մ եթե այլ միջոցառումներին խնայողություններ կլինեն, կօգտագործվի այս նպատակով: Մինչդեռ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում բոլոր խնայողություններն ուղղվում են կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը»,- ասաց Ջանջուղազյանը:

Արդյունաբերության զարգացումն անհնար է. գումարները կծախսվեն կորոնավիրուսի վրա

Ինչ վերաբերում է բյուջեի պահուստային ֆոնդին, ֆինանսների նախարարը կառավարության իր գործընկերներին խորհուրդ տվեց դրա հետ ևս մեծ հույսեր չկապել:

«Պիտի խնդրեմ պահուստային ֆոնդի վրա մեծ հույս չդնել, որովհետև պահուստային ֆոնդի միջոցները հայտնի պատճառներով օգտագործվում են հիմա ծագած բազմաթիվ խնդիրների լուծման համար»,- ասաց ֆինանսների նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանը ներողություն խնդրեց ծրագրի պոտենցիալ շահառուներից՝ շեշտելով, որ իր դիրքորոշումը նրանց դեմ չէ:

Ֆինանսների նախարարը նաև հիշեցրեց, որ առողջապահության բնագավառի ծախսերը 2019թ-ին 2018-ի համեմատ արդեն աճել են 20 տոկոսով ու շարունակում են աճել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Ջանջուղազյանի հետ՝ առաջարկելով ցանկացած ծախս ծրագրելուց առաջ «յոթ չափել, մեկ կտրել»:

Նշենք, որ Առողջապահության նախարարության առաջարկած նախագծով նախատեսվում է զինծառայողների ընտանիքների անդամներին նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունները իրականացնել ամբողջությամբ պետության կողմից՝ անվճար:

Ծրագրի շահառուները զինծառայողների, փրկարար ծառայողների ընտանիքի անդամներն են: Ծրագրի ամբողջ արժեքը 300 մլն դրամ է:

Կորոնավիրուսը խառնեց պլանները. մարդահամար չի իրականացվի