ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դատարան է դիմել՝ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտությունները և ներողություն խնդրել վիրավորանքների համար։ Ամիրյանն իր որոշման մասին հայտնել է Facebook-ի իր էջում։
Ապրիլի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
«Իմ ապրած 52 տարիների ընթացքում այնքան սուտ և կեղծիք չէի լսել, որքան լսեցի վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Հովհաննես Գալստյանն ինձ ներկայացրել է Կաննի կինոփառատոնին պատշաճ մասնակցելու մեծ ծրագիր։ Ներկայացված ծրագրի բյուջեն նախարարության բյուջեում նախատեսված գումարից մեծ էր։ Ասաց՝ հովանավորներ ունեմ, կօգնեն»,–գրել է Ամիրյանը։
Նրա խոսքով` հայաստանյան պատվիրակության ղեկավարը հենց Գալստյանն է եղել, սակայն մեկնելուց մեկ շաբաթ առաջ զեկուցել են, որ Կաննի ծրագիրը տապալվում է և տապալվում է ղեկավարի մեղքով։ Արագ որոշում է կայացվել փոխել ծրագրի ղեկավարին։
Գալստյանն ամեն բան փոխանցել է ծրագրի նոր ղեկավարին, որից հետո տեղավորվել են ժամկետների մեջ, և պատվիրակությունը, այդ թվում՝ Հովհաննես Գալստյանը, մեկնել է Կանն։ Վերադարձից հետո, ըստ Ամիրյանի, ներկայացրել են բովանդակային և ֆինանսական հաշվետվություն (օդանավի տոմս, հյուրանոց, օրապահիկ, տաղավար և այլն)։
Սակայն հետո Գալստյանն ԱՄիրյանին ասել է, որ հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։ Ամիրյանն էլ իր հերթին նշել է, որ կքննարկեն հարցը և անպայման լուծում կգտնեն, բայց կարճ ժամանակ անց հրաժարական է տվել։
«Բանսարկություն է». Արմեն Ամիրյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը
«Սա է ամբողջ պատմությունը, որը Հովհաննես Գալստյանը նենգափոխում և ներկայացնում է՝ իբր ես իրենից գումար եմ պահանջել և ստացել։ Ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար... Ի՛նքն է գնացել Կանն, ի՛նքն էլ ծախսել է, հաշվետվության մեջ էլ պարզ երևում է՝ ինչի վրա են ծախսել։ Վերջին օրերին Հովհաննես Գալստյանը հրապարակային բազմաթիվ զրպարտչական ու վիրավորական արտահայտություններ է արել, ինչն անպատասխան չի մնալու»,–գրառման մեջ նշել է Ամիրյանը։
Նրա խոսքով` դատը լավագույն դասը կլինի բարոյականության սահմանն անցնողների համար։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր`2017թ. «Կաննի» կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար։ Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ: