Պետբյուջեի կատարողականն ավելացել է, բայց Անանյանը խորհուրդ է տալիս այլ հարցի շուրջ մտածել

Ըստ Դավիթ Անանյանի՝ պետք է ոչ թե ավելի շատ կենտրոնանալ այս տարվա առաջին եռամսյակի ձեռքբերումների վրա, այլ հասկանալ հետագա անելիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Առաջին եռամսյակում պետական բյուջեի փաստացի կատարողականը կազմել է 349 մլրդ դրամ` նախորդ տարվա 299.5 մլրդի համեմատ. 49.5 մլրդ դրամով ավելացում կա։ Տեղեկությունը կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում

«Բացի այդ, այս տարվա ծրագրային ցուցանիշն առաջին եռամսյակի համար նախատեսված էր 340 մլրդ դրամ, հետևաբար` 9.5 մլրդ դրամով ավել գերակատարում ունենք։ 2018–ի համեմատ, այս տարվա ցուցանիշն ավելի ազդեցիկ է, սակայն ես խորհուրդ կտայի ոչ թե փաստացի կատարողականի վրա սևեռվենք, այլ մտածենք` ապագայում ինչ ենք անելու»,–ասաց Անանյանը։

Նրա խոսքով` այսօր կառավարությունում պետբյուջեի մասին օրենքում փոփոխության գնալու օրինագիծ է ներկայացվել, որն առաջիկայում Ազգային ժողովում նույնպես կքննարկվի։ Օրինագծով նախատեսվում է պետբյուջեի հարկային եկամուտների նվազում։ Հետևաբար, ըստ ՊԵԿ նախագահի, պետք է ոչ թե ավելի շատ կենտրոնանալ այս տարվա առաջին եռամսյակի ձեռքբերումների վրա, այլ հասկանալ անելիքները, քանի որ ապագայի հարկային եկամուտները հավաքագրելու առումով անորոշություններ կան։

Պետությունը հարկ վճարողներին նոր գործիք է առաջարկում. ի՞նչ կտա օրենքի փոփոխությունը

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կգումարի: Նիստի օրակարգում 2020 թվականի պետական բյուջեի, արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքներում փոփոխությունների վերաբերյալ կառավարության առաջարկած նախագծերն են։