ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Հայաստանում մարտին, փետրվարի համեմատ, աշխատատեղերը ոչ թե նվազել են, այլ ավելացել։ Կառավարության մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, թե կա՞ հաշվարկ այս ընթացքում գրանցված աշխատակիցների` աշխատանքից ազատման վերաբերյալ։
«Մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է մինչև ապրիլի 20-ը, ուստի` ապրիլի 21–ի դրությամբ արդեն իսկ ունենք վերլուծված տեղություններ։ Ըստ այդմ` մարտ ամսին, փետրվարի համեմատ, աշխատատեղերի քանակն ավելացել է 3700–ով»,–ասաց Անանյանը։
Նրա խոսքով` եթե մարտի 21–ին հայտարարագրվել է 619 900 աշխատատեղ, ապա ապրիլի 21–ին այդ թիվը կազմում է 616 200։
Անանյանը նշեց, որ իրականում փետրվարին, հունվարի համեմատ, գրանցված աշխատատեղերի քանակն ավելացել էր մեծ քանակով` 14 400–ով։ Եվ այն, որ մարտ ամսվա տվյալներով այդ աճն ավելի քիչ է, քան փետրվարին գրանցվածը, պայմանավորված է համաճարակով։
Սակայն համաճարակի ազդեցությունն ավելի շատ կերևա, երբ արդեն հասանելի կլինի ապրիլ ամսին հայտարարագրված աշխատատեղերի քանակը։
Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառմամբ աջակցություն է տրամադրվում բոլոր այն քաղաքացիներին, որոնք աշխատել են մասնավոր սեկտորում՝ առնվազն 2020 թ-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ, և ազատվել են աշխատանքից 2020 թ-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվելու է ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: