ԵԱՏՄ-ում գազի գնի փոփոխության հարցում կողմերը համաձայնության չեն եկել

ԵԱՏՄ երկրների կառավարական պատվիրակությունները որոշել են բանակցությունները շարունակել ավելի բարձր մակարդակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik.Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) բավականաչափ հասունացել է ինտեգրման ավելի բարձր մակարդակի անցնելու համար։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը այս մասին հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Հայաստանի համար գազի գինը կիջնի՞. պատասխանում է Լավրովը

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ երկրների կառավարական պատվիրակությունները Եվրասիական տնտեսական միության տարածքում գազի տեղափոխման սակագնի ձևավորման հարցում միասնական որոշում և համաձայնեցված ձևակերպումներ չեն մշակել: Քննարկման արդյունքում որոշվել է առաջարկված տարբերակները ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը, այսինքն ՝ շարունակել բանակցությունները պետությունների ղեկավարների մակարդակով։

«Այն փաստը, որ մենք այսօր քննարկում ենք սակագնագոյացման հարցերը՝ կապված գազի շուկայի, միջազգային տրանսպորտային փոխադրումների ազատականացման հետ, խոսում է այն մասին, որ մեր միավորումն արդեն հասունացել է ինտեգրման ավելի բարձր մակարդակի անցնելու համար», - նշել է Միշուստինը:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ու Ղրղզստանը կողմ են արտահայտվել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագների ձևավորման մոտեցումներ մշակելու Ղազախստանի առաջարկին ՝ համապատասխան միջազգային պայմանագրի նախապատրաստման շրջանակում:

«Ռուսաստանն ու Ղրղզստանը աջակցել են այդ առաջարկին, և ինչպես արդեն ասվեց, ընդհանուր խմբագրություն են նախապատրաստել։ Այն կառուցողական բնույթ է կրում եւ անհրաժեշտ փոխզիջման մշակմանն է ուղղված», - հավելել Է Միշուստինը։

Նախատեսվում է, որ մայիսի 19-ի հերթական նիստում ԵԱՏՄ երկրների ղեկավարները կհաստատեն մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները: