Վանաձորում կա՛մ կորոնավիրուսի թվերը կաճեն, կա՛մ աղքատությունը. պատգամավոր

Վանաձորում վարակի տարածվածության իրավիճակը կարող է դուրս գալ հսկողությունից: Պատգամավորը կոչ է անում պահպանել անվտանգության կանոնները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների ապրիլի 21-ի բողոքի ակցիան այսօր ԱԺ-ում տարբեր գնահատականների արժանացավ:

Աշխատակիցները ներխուժել են Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի տարածք և աշխատանք են պահանջում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կատարվածի համար մեղադրեց կառավարությանը՝ հիշեցնելով, որ ապրիլի 11-ին ՀՀ վարչապետն ուղիղ եթերում հայտարարել էր, թե տեքստիլ արդյունաբերությունն ապրիլի 20-ից կսկսի աշխատել: Բայց երբ Վանաձորի ֆաբրիկայի աշխատողները գնացել են աշխատանքի, ոստիկանությունը սկսել է նրանց նկատմամբ վարչական արձանագրություններ կազմել ու տուգանել:

«Այսինքն՝ ունենք իրավիճակ, երբ պետությունը հայտարարում է, որ մարդիկ կարող են աշխատել, բայց երբ գնում են աշխատելու, պետությունը նրանց սկսում է տուգանել: Եվ սա այն մարդիկ են, որոնք սոցիալական ոչ մի աջակցություն չեն ստացել»,- ասաց Մարուքյանը՝ կառավարությանը կոչ անելով հստակ հայտարարությամբ հանդես գալ, իսկ ոստիկանությանը՝ չեղարկել կազմված վարչական իրավախախտման արձանագրությունները:

«Վերջիվերջո խոսքը 2600 մարդկանց մասին է, այսինքն՝ այդքան ընտանիքների»,- ընդգծեց Մարուքյանը:

Ինչո՞ւ է հենց Վանաձորում հացը թանկացել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ևս անդրադարձավ Մարուքյանի բարձրաձայնած խնդրին, բայց ոչ թե սոցիալական, այլ առողջապահական տեսանկյունից:

«Վանաձոր» ՔԿՀ-ի 20 կալանավորներ հացադուլ են հայտարարել

«Վանաձորի հարցը ինձ էլ է մտահոգում: Բայց ես տեսա, որ շուրջ 100 հոգի, կամ 200, 500, էական չէ, հավաքված են մի տեղ և պահանջում են աշխատանք: Ինձ մի հարց է հետաքրքրում՝ կապված կորոնավիրուսի հետ: Այս մարդիկ իրար կողքի էին կանգնած: Իհարկե, սոցիալական հարցերը պետք է նայենք, կառավարությունը պիտի այս մարդկանց խնդիրն ուսումնասիրի, մենք էլ պիտի հետևենք: Իհարկե, գործարանը պետք է աշխատի, եթե կարող է աշխատել, և եթե անվտանգության բոլոր կանոններին հետևում է: Բայց երեկվա իրավիճակից հետո մենք Վանաձորում կարող ենք վարակակիրների նոր դեպքեր ունենալ, ու իրավիճակը Վանաձորում կարող է դուրս գալ հսկողությունից»,- նշեց Իգիթյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի ու պարետի մակարդակով նախորդ շաբաթ հայտարարվեց, որ ՀՀ-ում տնտեսական գործունեության որոշ տեսակներ, այդ թվում՝ տեքստիլ արդյունաբերությունը, ապրիլի 20-ից հետո կարող են վերաբացվել: Բայց պարետի որոշման մեջ փոփոխություններ առ այսօր չեն կատարվել: