Մոտ 20 մարդ չի եկել «Դոմոդեդովո». ե՞րբ կկայանա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը

Հայաստանի դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության հետ, և ՀՀ քաղաքացիներին Հայաստան բերելու համար կիրականացվի 5-րդ չարտերային չվերթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ռուսաստանում մնացած մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար վաղը ևս մեկ չարտերային թռիչք կկազմակերպվի: ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12․00-ին, տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթը։

«Մոսկվայից նշյալ չվերթով Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։ Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել ժամը 08։30-ից սկսած (հաշվառման սեղաններ՝ 34-36 )»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը տեղեկացնում է նաև, որ նախապես հաստատված մոտ 20 քաղաքացի այսօր չեն ներկայացել Մոսկվա-Երևան չվերթին, որն իրականացվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից։

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթով Հայաստան վերադարձող քաղաքացիները ևս անմիջապես օդանավակայանից կտեղափոխվեն մեկուսացման հատուկ վայր, որտեղ կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում:

Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար ավելի վաղ 3 չարտերային չվերթ է իրականացվել Մոսկվայից, մեկական Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Այսօր Հայաստան է ժամանել Մոսկվա-Երևան արդեն 4-րդ չարտերային չվերթն իրականացնող օդանավը: Վերադարձած բոլոր քաղաքացիները մեկուսացված են: