Կարանտինը հեշտ անցավ. բեմ չբարձրանալն է դժվար. Հախնազարյանը պատմել է մեկուսացման մասին

Թավջութակահարը Sputnik Արմենիայի տաղավարում պատմել է, թե ինչպես է անցկացրել 14-օրյա մեկուսացումը, ինչպես է պատրաստվել օնլայն համերգին և ապագայի հետ կապված ինչ պլաններ ունի։
Sputnik

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն արդեն դուրս է եկել մեկուսացումից։ Մինչ այդ հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը բացասական է եղել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պատմեց, որ գոհ է մնացել մեկուսացման պայմաններից և հատկապես անձնակազմի աշխատանքից, որը, ըստ նրա, ամենաբարձր մակարդակի է։

«Երախտագիտության համերգ». Նարեկ Հախնազարյանը նվագել է բժիշկների համար և հրավիրել նախարարին

Երաժիշտը պատմեց, որ ապրում էր բուժանձնակազմի հետ նույն հարկում, և ոչ մի անգամ որևէ դժգոհություն չի լսել նրանցից անգամ այն օրերին, երբ նվագում էր ու պատրաստվում օնլայն համերգին։ Ասում է՝ աշխատում էր՝ փորձը մեկ ժամից ավել չտևի, որ չխանգարեր հարևաններին, սակայն վերջիններս հորդորում էին չանհանգստանալ, քանի որ երաժշտությունը շատ էին հավանում։ Այս պայմաններում Հախնազարյանի համար կարանտինը շատ դժվար չի անցել, մանավանդ, որ երբեմն սիրում է մենակ մնալ, սակայն խոստովանում է, որ այդքանից ավել դժվարությամբ կդիմանար մեկուսացմանը։

«Սոցիալական կայքերը հեշտացնում են մեկուսացումը: Եթե 19-րդ դարում լինեի, հաստատ ավելի դժվար կտանեի կարանտինը»,-նշում է երաժիշտը։

Թավջութակահարն ավելի ծանր է ապրում բեմի հետ բաժանումը, քանի որ մինչ սեպտեմբեր բոլոր համերգները չեղարկվել են։ Նա խոստովանում է, որ չի պատկերացնում՝ ինչպես է անցկացնելու այս ժամանակահատվածը, երբ չի կարող իր էմոցիաները փոխանցել երաժշտության միջոցով։ Սակայն նա խոստանում է չնվազեցնել իր ակտիվությունը` օնլայն համերգներ ու պրոյեկտներ իրականացնել։

Նշենք, որ Նարեկ Հախնազարյանը պարտադիր կարանտինային ռեժիմի մեջ էր ապրիլի 7-ից։ Նա Ռուսաստանից Հայաստան էր վերադարձել չարտերային չվերթով և չվերթի մյուս ուղևորների հետ միասին մեկուսացվել Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։

«Պարզապես ցնցող է». մեկուսացած Նարեկ Հախնազարյանի առցանց համերգն ու օգտատերերի արձագանքը