«Երախտագիտության համերգ». Նարեկ Հախնազարյանը նվագել է բժիշկների համար և հրավիրել նախարարին

Հայտնի երաժիշտ Նարեկ Հախնազարյանը կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին իր երախտագիտությունը յուրահատուկ ձևով է հայտնել։
Sputnik

Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը երևանյան իր «մեկուսարանում»` հյուրանոցում, նվագել է բժիշկների համար։ Այսկերպ նա իր երախտագիտությունն է հայտնել այսօրվա հերոսներին` կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին։

Նարեկ Հախնազարյանը ներկայացնում է իր «մեկուսարանը». տեսանյութ

«Ես ուզում եմ իմ երաժշտությամբ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր բարի ու ուշադիր են եղել իմ ու բոլոր մեկուսացված մարդկանց հանդեպ», - ասել է Հախնազարյանը:

Երաժիշտը նվագել է Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը և այն նվիրել հյուրանոցի բուժանձնակազմին։ Նրա երախտագիտության «համերգին» ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ներկա կամավորներն ու բժիշկները խոստովանել են, որ մեծ հաճույքով լսել են Հախնազարյանի փորձերն իր կարանտինի ժամանակ։ Իսկ հիմա նրա անակնկալը շատ տեղին էր և ուրախացրեց նրանց։ Նրանք բուռն ծափահարություններով են ճանապարհել երաժշտին և առողջություն մաղթել նրան և երկրի բոլոր բնակիչներին։

Նարեկ Հախնազարյանը «մեկուսարանում» Բախ է նվագում. տեսանյութ

Նշենք, որ Հախնազարյանը Ռուսաստանից ժամանելուց հետո` ապրիլի 7–ից, երևանյան հյուրանոցներից մեկում երկշաբաթյա մեկուսացման մեջ էր։ Նա Sputnik Արմենիային պատմել է, որ գոհ է կարանտինի պայմաններից և նույնիսկ հասցրել է օնլայն համերգ տալ երկրի բնակիչների համար։ Ի դեպ, երաժիշտն այսօր կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է եղել։