Ի՞նչ է լինելու արտերկրում սովորողների հետ. պարզաբանում են նախարարները

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ առաջիկա օրերին ևս երեք չվերթ կկազմակերպվի, որոնցով Հայաստան կվերադառնան մոտ 700 հոգի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Աշխարհով մեկ տարածված կորոնավիրուսի համավարակի հետևանքով բարդ իրավիճակ է ստեղծվել նաև արտերկրում գտնվող հայաստանցի ուսանողների և արտասահմանյան բուհերի դիմորդների համար: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ փորձ է արվում խնդիրը կարգավորել երկիր առ երկիր, բայց դա հեշտ չէ: նա նշեց, որ խնդիրները տարբեր են. դրանք կապված են և՛ տեղում ուսումնական պրոցեսը կազմակերպելու, և ընդունելության քննությունների հետ, և՛ տեղաշարժի:

«Ըստ էության, հիմա երկակի իրավիճակի առաջ ենք կանգնել. ունենք ուսանողներ դրում, որոնք սահմանափակումների պատճառով չեն կարողանում վերադառնալ Հայաստան, ունենք դիմորդներ, որոնք այդ սահմանափակումների պատճառով չեն կարողանում քննություններ տալ և ընդունվել բուհեր, բայց դա այս պահին օբյեկտիվ իրականություն է, որից ելնելով պետք է որոշումներ կայացնենք՝ առավելագույնս հաշվի առնելով ուսանողների և դիմորդների շահերը»,-ընդգծեց ԿԳՄՍ նախարարը:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շարունակեց գործընկերոջը՝ ներկայացնելով, որ պետությունն ամեն ինչ անում է արտերկրում մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, բայց այստեղ էլ մի շարք բարդ հարցեր կան, որոնց իրավիճակային լուծումներ են տրվում: Խնդիրը ոչ միայն քաղաքացիների տեղափոխման հարցն է, ֆինանսական կողմը, այլև արդեն մեր երկիր հասնելուց հետո կարանտինի կազմակերպումը, բժշկական ռեսուրսները և այլն:

Կորոնավիրուսի բռնկման նոր օջախ է գրանցվել. Վարդենիսում խիստ կանոններ են սահմանվում

«Երբ հարցը վերաբերում է երեխաներին, ուսանողներին, խնդիրն ավելի զգայուն է»,- նկատեց Մնացականյանը:

Օգտվելով առիթից՝ նա որոշակի վիճակագրություն ներկայացրեց, թե մարտի 14-ից հետո համատեղ ջանքերով քանի երկրից են մեր քաղաքացիները հայրենիք վերադարձել: Մասնավորապես, մարտի 15-ին Հռոմից վերադարձել են 67, մարտի 26-ին Անգոլայից՝ 24, մարտի 28-ին Լեհաստանից՝ 4, մարտի 31-ին Հնդկաստանից՝ 68, Մոսկվայից ապրիլի 6-ին՝ 234, ապրիլի 7-ին՝ 226, ապրիլի 10-ին Թել Ավիվից՝ 10, նույն օրը Վաշինգտոնից՝ 35, ապրիլի 11-ին Թուրքիայից՝ 73, ապրիլի 12-ին Մոսկվայից՝ 230, ապրիլի 13-ին Սուդանից՝ 8, ապրիլի 19-ին Կրասնոդարից՝ 100, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից՝ 100, ապրիլի 21-ին ԱՄԷ-ից՝ 18 հայրենակիցներ:

Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքով 100 ՀՀ քաղաքացիներ վերադարձել են Հայաստան

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ առաջիկա օրերին ևս երեք չվերթ կկազմակերպվի, որոնցով Հայաստան կվերադառնա մոտ 700 հոգի անձ:

«Այս ամենը կազմակերպվում է բոլոր հնարավոր ձևաչափերով»,- ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ այս ընթացքում Հայաստան վերադարձած 1886 մեր հայրենակիցներից 1321-ի համար վերադարձի գործընթացի լիովին անվճար է կազմակերպվել:

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ քաղաքացիների վերադարձի կազմակերպումը համադրվում է երկրի կարողությունների հետ, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելուց հետո պետք է հնարավորություն լինի նաև նրանց 14-օրյա կարանտինում պահելու համար, իսկ դա նշանակում է ունենալ բավարար բժշկական ռեսուրս, պարտադիր մեկուսացման վայր և հավելյալ այլ միջոցներ:

«Սա՞ էր կորոնավիրուսը». նախագահը կոչ է արել իրականության աչքերին ուղիղ նայել