Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա
Համավարակն իր շտկումներն է մտցրել մոլորակի բնակչության կենսակերպում՝ նրանց նոր սովորություններ «նվիրելով»։ Ոմանք սկսել են տնային պայմաններում սպորտով զբաղվել, ոմանք սովորել են երաժշտական գործիքներ նվագել կամ խոհարարական ունակություններ են զարգացրել, իսկ շատերը նոր վախեր են ձեռք բերել։
Սոցիալական ցանցերը լի են անտիսեպտիկների ու ախտահանիչների չարաշահումից ստացած այրվածքների մասին պատմություններով: Sputnik Արմենիայի թղթակիցը վերջերս իր տարեց հարևանուհուն «հետաքրքիր» զբաղմունքի վրա էր բռնացրել։ Կինը` համապատասխան արտահագուստով(դիմակ, ձեռնոց, գլխանոցով հագուստ), սանդղահարթակի վրա մեկ առ մեկ տոպրակից հանում էր իր գնած ձավարեղենի փաթեթները, շշերն ու տուփերը, մանրակրկիտ ախտահանում և միայն դրանից հետո էր ներս տանում։
Նա խոսոտվանել է, որ շատ է վախենում վիրուսից։ Բայց իր հետ համեմետ, մյուս հարեևանուհու պատմությունն իրոք որ ինտրիգային է, նա «հաստատ ֆոբիա ունի»։ Կինն արդեն երկրորդ ամիսն է՝ առհասարակ տնից դուրս չի գալիս և անգամ չի օդափոխում բնակարանը՝ վախենալով, որ մոտակա հյուրանոցներում մեկուսացված մարդիկ կարող են «ամեն տեսակ վարակներ արտաշնչել», և կորոնավիրուսը կարող է նրա տուն մտնել։
Հոգեբան Սամվել Խուդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ այս օրերին շատ քաղաքացիների մոտ է խուճապը մեծ, ինչը միանգամայն օրինաչափ է։ Այնուամենայնիվ նա վստահ է, որ լուրջ ֆոբիաներ առաջ չեն գա։ Մարդիկ աստիճանաբար կվերադռնան հին կենսակերպին և հնարավոր է՝ լիովին մոռանան այսօրվա վախերը։ Խուդոյանը համոզված է, որ նոր սովորությունները՝ սպորտը, համակարգչային խաղերը, խոհարարությունը կամ ձեռքերը հաճախ լվանալը կմնան, սակայն հիվանդանալու վախը, ամենայն հավանակնությամբ, կանհետանա։
«Մարդիկ կսկսեն ավելի հաճախ գրկախառնվել, համբուրվել, աղմկոտ հարսանիքներ նշել, ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Նրանք կփորձեն անել այն ամենը, ինչից զրկված են եղել այս ամբողջ ընթացքում»,-կարծում է հոգեբանը։
Խուդոյանը սակայն վախենում է, որ համավարակից հետո կաճի հասարակական ագրեսիան, ինչը կարող է այլ, միջանձնային հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել։ Եվ առաջին հերթին դա նախուսափելիորեն կհարվածի ընտանիքներին։ Նա վստահ է, որ սպասվող սոցիալ-տնտեսական խնդիրները նոր սթրեսների կհանգեցեն, որոնք չեն կարող չանդրադառնալ ընտանեկան հարաբերությունների վրա։
Հոգեբան Աննա Գալստյանը կիսում է գործընկերոջ մտահոգությունը, սակայն բացի ագրեսիայի աճից նա նաև կանխատեսում է անկումային տրամադրությունների առաջացում։ Ճգնաժամային վիճակում մարդիկ որպես կանոն կենտրոնացնում են իրենց բոլոր ուժերն ու ներքին կարողությունները, բայց այդ վիճակից դուրս գալուց հետո ուժերի հանկարծակի անկում են զգում և հուսահատվում են։ Ոմանք անգամ կորցնում են կողմնորոշվելու, որոշումներ ընդունելու ունակությունը և կախվածության մեջ են ընկնում իրավիճակից կամ այլ մարդկանցից։
Գալստյանը նաև հավելում է, որ մանկական կամ իրավիճակային հոգեբանական ցնցումներ ապրած մարդկանց մոտ կարող են որոշակի ֆոբիաներ առաջանալ։ Մասնավորապես՝ կարող են նկատվել վախեր մանրէներից, կեղտից, մարդկանցից, հասարակական վայրերից և այլն։
«Ոմանք իրոք կենտրոնացած են վարակվելու մտքի վրա։ Նրանք մենակ են ապրում, փողոց դուրս չեն գալիս, բայց անընդհատ սպիրտով շփումներ են անում և շուրջբոլորն ամեն ինչ ախտահանում են։ Դա արդեն իսկ խոսում է խնդրի առկայության մասին»,-ասաց նա։
Գալստյանի կարծիքով՝ ռիսկի խմբում են նաև երեխաները, որոնք տագնապալի տեղեկություններ են ստանում բոլոր տեղեկատվական ալիքներով, բայց խնդրի էությունը նրանց ոչ ոք չի բացատրում։ Իսկ քանի որ երեխաներն իռացիոնալ են և կրկնօրինակում են ծնողների պահելաձևը, նրանց պետք է հանգիստ բացատրել, թե ինչու չի կարելի փողոց դուրս գալ, ինչու է պետք լվանալ ձեռքերը, ինչով է վիրուսը վտանգավոր։ Մարսելով տեղեկատվությունը` երեխաները հանգիստ կարձագանքեն, բայց եթե նրանք չհասկանան` ինչումն է խնդիրը, պարզապես կվախենան, որովհետև մայրիկն ու հայրիկն էլ են վախենում։
Կորոնավիրուսն ի հայտ է բերել առողջապահական համակարգի թերությունները․ G20-ի նախարարներ
Հոգեբանը խորհուրդ է տալիս հասկանալ խնդիրը, ճիշտ բառեր գտնել, խոսել երեխաների հետ և նրանց դրական տրամադրել։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 20-ի դրությամբ կազմում է 1339 մարդ։ Մեկ օրում ցուցանիշն աճել է 48-ով։ Մահացածների թիվը՝ 22, առողջացել են 580-ը։ Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով արտակարգ դրություն է գործում։ Սահմանափակված են տնտեսական գործունեությունը և մարդկանց տեղաշարժը։