Կոմունալների հատուցման գումարը կարելի է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման հաշվեհամարին

Նախարարությունից հայտնում են, որ որոշումը կայացվել է բազմաթիվ քաղաքացիներից ստացած նամակների հիման վրա, որոնք լինելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ ծրագրերի շահառուներ, ցանկանում են հրաժարվել պետական աջակցությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կոմունալ վարձավճարների փոխհատուցման գումարը կարելի է ուղղել նաև կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվեհամարին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Կոմունալ վճարների փոխհատուցման հարցն էլի է քննարկվում. 12-րդ ծրագիրն են մշակում

Նշվում է, որ նախարարությունը բազմաթիվ նամակներ է ստանում ՀՀ այն քաղաքացիներից, որոնք հանդիսանալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ ծրագրերի՝  կոմունալ ծախսերի փոխատուցման շահառուներ, ցանկանում են հրաժարվել պետական աջակցությունից՝ հօգուտ սոցիալական աջակցության առավել մեծ կարիք ունեցող հայրենակիցների:

ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց

«Քաղաքացին կարող էլեկտրոնային փոստի միջոցով դիմել մատակարար ընկերություններին (գազի դեպքում՝ inbox@gazpromarmenia.am էլեկտրոնային հասցեով) և էլեկտրաէներգիայի դեպքում՝ office@ena.am էլեկտրոնային հասցեով)՝ նամակին կցելով համապատասխան դիմում՝ ստորագրված, լուսանկարված կամ լուսապատճենված, ինչպես նաև՝ անձը հաստատող փաստաթղթի պատճեն»,- նշած է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հայտնում են նաև, որ դիմումի օրինակելի ձև չկա, այն կարող է գրված լինել ազատ ոճով: Պարտադիր պահանջ է միայն ստորագրված լինելը:

Կառավարությունը պայմանավորվել է. կոմունալ վճարումները կարելի՞ է ուշացնել

Դիմումի առկայության դեպքում՝ բաժանորդի աջակցության գումարը՝ ամբողջապես կամ մասնակիորեն, կփոխանցվի գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվեհամարին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային 14 ծրագիր է մշակել:

11-րդ միջոցառման շրջանակում, օրինակ, շուրջ 600 հազար քաղաքացի աջակցություն կստանան օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով:

12-րդ ծրագրով էլ 30 տոկոս աջակցություն կստանան փետրվարին մինչև 30 000 դրամի գազ ու մինչև 10 000 դրամի էներգիա սպառած բաժանորդները: