Կորոնավիրուսից մահացածները 90 և 62 տարեկան են. Առողջապահության նախարարություն

Հայաստանում այս պահին բուժում է ստանում 737 պացիենտ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 13373 թեստավորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան երկու դեպք։

«Պացիենտները եղել են 62 և 90 տարեկան։ Նրանք երկուսն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մահացածները տղամարդիկ են։

Նախարարությունը միաժամանակ հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում:

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել․ մարզպետ

Sputnik Արմենիան երեկ հայտնել էր, որ մահվան 1 դեպք է գրանցվել Շիրակի մարզի Մարալիկ համայնքում. 90-ամյա տղամարդը, որի թեստը դրական էր եղել, հիվանդության հաստատումից 1 ժամ անց մահացել էր:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ տղամարդն ուներ նաև ծերունական խնդիրներ: Նրա խոսքով` մինչ նմուշառումը, հաշվի առնելով տարեց մարդու առողջական խնդիրները, ընտանիքի անդամները նախընտրել էին բուժումն իրականացնել տանը:

Ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք, որոնցից 580-ն` առողջացած, 22-ը` մահվան ելքով: