ՌԱԴԻՈ

Կառավարությունը թիրախային ճիշտ խումբ չի ընտրել. Ափոյանը` ուսանողներին առնչվող ծրագրի մասին

Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարության կողմից նախատեսված օժանդակության 14–րդ ծրագրին, որն առնչվում է ուսանողներին։
Sputnik
Կառավարությունը թիրախային ճիշտ խումբ չի ընտրել. Ափոյանը` ուսանողներին առնչվող ծրագրի մասին

Դավիթ Ափոյանի դիտարկմամբ` նախ պետք է հասկանալ, թե ինչին է ուղղված այս ծրագիրը։ Ըստ այդմ` կառավարությունն իր որոշման հիմքում դրել է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին խրախուսելը, բայց իրականում, ըստ Ափոյանի, տվյալ ծրագրի պահանջն այլ է։

«Մենք պահանջում էինք, որպեսզի աջակցություն ցուցաբերվի այն ուսանողներին, ովքեր անձամբ կամ նրանց ընտանիքի անդամները տուժել էին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, մինչդեռ կառավարությունն իր ծրագրով աջակցում է այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, թեև սա շատ վիճելի է»,–ասում է նա։

Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող բուհից դուրս չի մնալու վճարի պատճառով. Փաշինյան

Դավիթ Ափոյանը համամիտ է այն կարծիքին, որ բարձր առաջադիմությամբ ուսանողներին անշուշտ պետք է աջակցել, քանի որ Հայաստանում կրթությունը պետք է լինի առաջնահերթություն, բայցևայնպես խնդրի լուծման նպատակն այս պարագայում բոլորովին այլ է։ Ափոյանի փոխանցմամբ` ծրագրից այնուամենայնիվ օգտվելու են փոքր թվով ուսանողներ` 15000–ից լավագույն դեպքում 500-ը։

«Եթե չլիներ կարանտինային վիճակը, անձամբ կդիմեի կառավարությանը, սակայն իրավիճակից ելնելով` համացանցում ֆեյսբուքյան իմ էջում տեղադրեցի բաց նամակ` ուղղված ՀՀ կառավարությանն ու վարչապետին։ Հարցն ԱԺ–ում բարձրացրեց նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նամակին միացան բազմաթիվ ուսանողներ, այն գտավ մեծ տարածում։ Ցավոք պատասխան չստացա։ Մի քանի օր անց ԿԳՄՍ նախարարը դիմեց ԲՈՒՀ–երին, որպեսզի հնարավորինս ընդառաջեն ուսանողներին»,–ասաց նա։

Ինչպես խուսափել կոլապսից. Մարուքյանի խմբակցությունը բնակչությանն օգնելու իր նախագիծն ունի

Դավիթ Ափոյանի փոխանցմամբ` թեև վարչապետի և ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջերում եղել է անդրադարձ, սակայն դա բավարար չէ։ ԵՊՀ ուսորհրդի նախագահը կառավարության ծրագրի առաջին կետի` ուսանողների վարձերին առնչվող խնդրի առթիվ ունի վերապահումներ` նշելով, որ այդտեղ ճիշտ ֆիլտրում չեն կատարել, սակայն դրվատանքով է վերաբերվում ծրագրի երկրորդ կետին, որն առնչվում է ուսանողական վարկերին։ Մոտեցումն այստեղ ամբողջությամբ ընդունելի է։     

Նշենք, որ ծրագրի համաձայն` ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ՄՈԳ (միջին որակավորման գնահատական), կստանան ուսման վարձի 100 տոկոսի չափով փոխհատուցում, ոչ ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ՄՈԳ, կստանան ուսման վարձի 75 տոկոսի չափով փոխհատուցում, 80+ՄՈԳ ուսանողների համար ուսանողական վարկերի տոկոսները կզրոյացվեն, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։