ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik.168.am կայքն անդրադարձել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում օրերս ներկայացված ուղերձին, որը Վեհափառ հայրապետը վերնագրել էր «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին կողմէ յորդոր ու գնահատանք մեր հոգևորականներուն»:
Կայքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսից գրավոր պարզաբանում է խնդրել, հասկանալու համար թե ո՞ւմ էր ուղղված կոթողիկոսի գրառումը, ինչո՞ւ որոշեց նման գրառում կատարել, արդյո՞ք կապ կա վերջին դեպքերի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի` Ռոբերտ Քոչրայանի խափանման միջոցը փոխելու հորդորի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք․ Կճոյանին առաջադրված մեղադրանքի հետ։
Պատասխան նամակում ասվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ստեղծված համաշխարհային տագնապի լույսի տակ նման գրառումներ է կատարում Facebook-ի իր էջում: «Այդ կերպ նա փոխանցում է իր հորդորները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերին, առաջնորդներին, ազգային իշխանություններին և հոգևորականներին՝ շեշտելով աղոթքի ու մարդասիրական ծառայության ճանապարհով մեր ժողովրդի հետ լինելու հրամայականը: Նորին Սրբության կատարած հորդորներից ու հիշեցումներից մեկն էլ Ձեր նշած մեջբերումն է: Հետևաբար, այն որևէ կերպ կապ չունի Հայաստանի ներսում ստեղծված այսօրվա կացության հետ: Վեհափառ Հայրապետի խոսքը և գործը միշտ հստակ է և չունի մեկնաբանության կարիք: Հետևաբար, Վեհափառ հոր մտքերը ճիշտ չէ քաղաքացկանացնել»,–ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի վարիչ Յովակիմ Վրդ. Բանճարճեանի կողմից կայքին ուղղված պատասխան նամակում:
Նշվում է, որ Վեհափառ Հայրապետն իր խոր մտահոգութունն է հայտնել Հայաստանում ստեղծված այս կացության վերաբերյալ: «Ինչպես Նորին Սրբությունը հաճախ շեշտում է՝ մեզ համար եկեղեցին և ժողովուրդն անջատ չեն, այլ մեկ ամբողջութուն են և կապված ներքին անքակտելի կապերով, սերտորեն ընդելուզված: Որոշ շրջանակների կողմից, օգտագործելով որոշակի պահեր, ծրագրված պայքար մղելը Հայ Եկեղեցու դեմ, ինչպես մեզ համար, այնպես էլ վստահ եղեք, նաև մեր ժողովրդի համար, երբեք ընդունելի չէ։ Միանալով Հայաստանի Հանրապետության նախագահին, Վեհափառ հայրապետը կոչ է ուղղել՝ փոխադարձ հարգանքով ու հանդուրժողական ոգով, ինչպես նաև իրողություններն ու հանգամանքները նկատի ունենալով և երկխոսության ճանապարհով քննարկել մեր ազգի, եկեղեցու և հայրենիքի կողմից դիմակայվող խնդիրներն ու մարտահրավերենը»,–ասված է պատասխանում:
Մայր աթոռն արձագանքել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ հարուցված քրեական գործին
Նշվում է, որ անհրաժեշտ է, հատկապէս ներկա ճգնաժամային պայմաններում, համախմբվել մեր ընդհանրական ու գերագույն արժեքների ու ձգտումների շուրջ: «Մեր հայրենիքին և սփյուռքի համայնքներում անվտանգութուն առաջնահերթ է մտահոգում մեզ: Առաջիկա շաբաթ՝ ապրիլի 24-ի առիթով մեր ազգային պահանջատիրության նկատմամբ մեր հավաքական հանձնառությունը վերահաստատելը մեզ համար հրամայական է, որը շեշտել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետը»,–գրել են կաթողիկոսությունից:
Հիշեցնենք, որ Արամ Առաջին կաթողիկոսը իր գրառման մեջ նշել էր, որ այսօր, առավել քան երբևէ Հայ Եկեղեցին ժողովրդի կողքին պետք է լինի՝ հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով և ժողովրդին ծառայելով։ Ընգծելով, որ դա է հոգևորականի կոչումը։
Արամ Ա կաթողիկոսի այս գրառումը սոցիալական ցանցերում տարաբնույթ կարծիքներ առաջ քաշեց։ Շատերը գրառումը մեկնաբանեցին, որ որպես աջակցություն ՀՀ իշխանություններին։