Պետությունը կվճարի որոշ ուսանողների ուսման վարձերը․ ովքե՞ր են շահառուները

Կառավարությունը 90 և ավելi ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կվճարի 100, իսկ 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավելի ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը 100 տոկոսով կվճարի կառավարությունը։ տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով հակաճգնաժամային 14-րդ միջոցառման մանրամասները։

Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող բուհից դուրս չի մնալու վճարի պատճառով. Փաշինյան

Աջակցությունից կօգտվեն նաև ոչ ավարտական կուրսերի այն ուսանողները, որոնք բարձր առաջադիմություն են ցուցաբերել։

«90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը՝ եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Այսպիսի գումարները կօգտագործվեն այլ ուսանողների վարկավորելու համար»,-գրել է Փաշինյանը։

Որոշ բուհեր մայիսին չեն կարողանա դասախոսների աշխատավարձերը վճարել

Նրա խոսքով՝ ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն,  այդ թվում՝ պետական հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։

Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն՝ վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։

Բժշկական համալսարանը հետաձգում է ուսման վարձերի վճարումը

Ավելի վաղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրություն էր ուղարկել բուհերի ռեկտորներին՝ առաջարկելով մինչև ապրիլի 14-ը ուսման վարձերը չվճարող ուսանողներին դուրս չթողնել բուհերից։

Ռեկտորներին ուղարկված գրության մեջ նշվում էր, որ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը, առաջարկվում է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարների չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց: