Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել․ մարզպետ

Աշխատանքներ են իրականացվում վարակվածների շփման շրջանակը հայտնաբերելու և նրանց մեկուսացնելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ մարզում կորոնավիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել։

«Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների»,- Facebook-ի իր էջում գրել է մարզպետը։

Նա մարզի բնակիչներին հորդորել է խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  մարզում կորոնավիրուսի վարակման մեկ դեպք է գրանցվել։ Վարակված քաղաքացին մասնագիտությամբ բժշկուհի է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա տեղափոխվել է երևանյան հիվանդանոցներից մեկը։ Կինը թոքաբորբ չունի և իրեն լավ է զգում։ Վերջին 1 շաբաթում նա աշխատանքի չի հաճախել։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում էր արել` տեղեկացնելով, որ աշխատանքներ են իրականացվում կորոնավիրուսով վարակված քաղաքացու շփման շրջանակը պարզելու համար։