Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին թույլ կտան առանց մաքսատուրքի ներկրել անձնական գույքը

Հայաստանն արտերկրում բնակվող իր քաղաքացիներին հետ ընդունելու համար արտոնություններ է սահմանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին 1.5 տարվա ընթացքում ինչ-ինչ պատճառով Հայաստանում չեն եղել, կարող են վերադառնալ ու առանց մաքսատուրք վճարելու իրենց հետ բերել մինչև 5000 եվրո արժողությամբ անձնական իրեր (այդ թվում՝ միանգամայն նոր), բացառությամբ տրանսպորտային միջոցների:

Որոշ պատգամավորներ դժգոհել են պարգևավճարները կորոնավիրուսի ֆոնդին փոխանցելու որոշումից

Իսկ նրանք, ովքեր Հայաստանում չեն եղել 5 տարի, ՀՀ կարող են ներկրել անսահամափակ քանակով գույք՝ կահույք, անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, որն առնվազն կես տարի պատկանել է ներգաղթող քաղաքացուն:

Հայրենադարձությունը խթանող այս օրինագիծը մշակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու Հակոբ Սիմիդյանը:

«Այս համաճարակը, կարծում եմ, ցույց տվեց, որ յուրաքանչյուրիս համար ամենաապահով երկիրը Հայաստանն է»,- նախագիծը ներկայացնելիս ասաց Գաբրիելյանը:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը քննարկումից հետո խորհրդարանում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Օրենքը նոր կարգավորմամբ կսկսի գործել թերևս արդեն արտակարգ դրության վերացումից ու միջազգային ուղևորափոխադրումների վերականգնումից հետո: