ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik.Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախում կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է արձանագրվել։
«Նախօրեին թեստավորված 11 քաղաքացիների փորձանուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել են, ըստ որի` 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխված, Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այժմ վարակվածի հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել։ Նրանք այսօր դուրս կգրվեն:
Մեկ քաղաքացու թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո:
Այսպիսով, Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ յոթի։