Ադրբեջանը փորձում է իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքի վերաբերյալ հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի կարծիքով` Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը: Նաղադալյանի մեկնաբանությունը հրապարակվել է ԱԳՆ–ի պաշտոնական կայքում։

Արմեն Սարգսյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին

«Այս նպատակով Ադրբեջանը չի խորշում ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր արձագանքների խիստ ընտրովի ներկայացումից և ուղղակի խեղաթյուրումից: Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ այդ նույն արձագանքների առանցքային ուղերձները, որոնք վերաբերում են իր ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերակատարմանը և Արցախում հանրային կյանքի կառավարման տեսակետից ընտրությունների անհրաժեշտությանը: Մինչդեռ այս ուղերձները խիստ էական են խաղաղ կարգավորման առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար»,– նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրություններն իբր խախտում են Ադրբեջանի սահմանադրությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, հետևաբար իրավական ուժ չունեն: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել էր նաև, որ այդ դիրքորոշումն ունեն նաև միջազգային կազմակերպությունները։

Ըստ Նաղդալյանի` մեր տարածաշրջանում ժողովրդի քվեն ստացած, նրա կամքն արտահայտող և հենց այդ ժողովրդին հաշվետու իշխանությունների ձևավորումը խիստ կարևոր է հակամարտության վերափոխման և ժողովուրդների հաշտեցման համար: Արցախի ժողովուրդը մարտի 31-ին և ապրիլի 14-ին այս ուղղությամբ կատարեց հերթական կարևոր քայլը:

Հիշեցնենք՝ մարտի 31–ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո մրցապայքարում էին մնացել նախկին վարչապետ (պետնախարար), «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Ընտրությունների առաջին փուլի արդյունքում Արայիկ Հարությունյանը ստացել էր ձայների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը։

Ապրիլի 14-ին անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթեց Արայիկ Հարությունյանը։ Բոլոր 282 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում Հարությունյանի օգտին քվեարկել է 39 860 մարդ, Մայիլյանի օգտին ՝ 5 428:

Կարանտինն ու քաղաքականությունը. ինչո՞ւ Երևանն իրեն հեռու պահեց ղարաբաղյան ընտրություններից