«Ուզու՞մ եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»․ Միշիկ Ղազարյանի դուստրը խոսել է Covid-19-ի մասին

Սերինե Ղազարյանը՝ ռուսաստանցի անվանի պրոֆեսորներ Միշիկ Ղազարյանի ու Արփիկ Ասատրյանի դուստրը, պատմել է, թե ինչպես է կորոնավիրուսը խլել իր ծնողների կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակն իսկապես սարսափելի է․ այն քայքայում է թոքերը, ու վարակը կարող է հարվածել ոչ միայն խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, այլ նաև բացարձակ առողջներին։ Այս մասին քաջատեղյակ է ռուսաստանցի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սերինե Ղազարյանը։

Մոսկվայում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը

Ղազարյանների ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել․ Covid-19-ը խլել է Սերինեի ծնողների՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 72-ամյա Միշիկ Ղազարյանի ու 69-ամյա բժիշկ համաճարակաբան Արփիկ Ասատրյանի կյանքը։ Երիտասարդներից շատերը կարող էին նախանձել նրանց խանդավառությանն ու աշխատունակությանը։ Նրանք միշտ եռանդուն ու ակտիվ էին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Սերինեն մանրամասնեց իրադարձությունները, որոնք հանգեցրին ողբերգական հետևանքներին։ Նա հերքեց որոշ ԶԼՄ-ների տարածած լուրերը, որ իբր իր ծնողները խրոնիկ հիվանդություններ ունեին։ 

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է երիտասարդ օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը

«Ծնողներս էլ չեն վերադառնա, սակայն ուզում եմ մյուսներին ասել, որ վարակն իսկապես սարսափելի է, այն խլում է նաև առողջ մարդկանց կյանքը։ Դիմում եմ այն մարդկանց, որոնք կարծում են, որ տանը նստելը սարսափելի է։ Տանը նստելը սարսափելի չէ, եթե չեք ուզում դագաղում հայտնվել։ Ուզո՞ւմ եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»,- ասաց Ղազարյանը։ 

Ինչպե՞ս է ամեն ինչ տեղի ունեցել

Ղազարյանները կարծում էին, որ իրենց մոտ սուր շնչառական վարակ է։ Սերինեի ծնողներն իր հետ էին ապրում։ Ամբողջ ընտանիքը այդ թվում՝ նրա երեխաները, հիվանդացան, ջերմություն ու ինտոքսիկացիայի նշաններ ունեին․ մկանային, հոդային ցավեր, գլխացավ, դող։ Սերինեն վստահ է, որ բոլորը Covid-19-ով են վարակվել, սակայն նա ու իր երեխաներն ապաքինվեցին, իսկ ծնողները՝ ոչ։

«Ես ու երեխաներս երկու-երեք օրում լավացանք, իսկ ծնողներիս ջերմությունը չէր իջնում։ Դա մտահոգեց ինձ, թեև լաբորատոր ստուգումները ցույց էին տվել, որ ամեն ինչ կարգին է», - պատմեց նա։

«Ուզու՞մ եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»․ Միշիկ Ղազարյանի դուստրը խոսել է Covid-19-ի մասին

Ու քանի որ ծնողների ջերմությունը չէր իջնում, մարտի 21-ին Սերինեն բժիշկ կանչեց։ Նրանք ասացին, որ մայրիկի ու հայրիկի թոքերը մաքուր են, արյունը կատարյալ վիճակում է։ Բժիշկները վստահ էին, որ այն սովորական սուր շնչառական վարակ է։

Երկու օր անց իրավիճակը փոխվեց․ մարտի 23-ին Ասատրյանին ու Ղազարյանին տեղափոխեցին 68-րդ հիվանդանոց՝ թոքաբորբի կասկածով։ Քանի որ ամուսինները ոչ մի տեղ չէին մեկնել ու դրսից եկածների հետ չէին շփվել, ոչ ոք չէր կարծում, որ չարաբաստիկ Covid-19-ը խոցել է նրանց։

«Նրանց սովորական հիվանդասենյակ պառկեցրին։ Հայրս կատակում էր, ուզում էր ցնցուղ ընդունել, բայց․․․ Այս հիվանդությունը հենց դրանով է սարսափելի, որ սկզբում թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց իրականում այդպես չէ», - նշեց Սերինեն։

Մարտի 27-ին նրա հորը վերակենդանացման բաժանմունք տեղափոխեցին։ Սերինեն ենթադրում է, որ նրանց վիճակն հենց այդ օրը վատացավ, ու նրանց մոտ առաջացավ «ցիտոկինային հողմ» (իմունային համակարգի՝ կյանքի համար վտանգավոր ռեակցիա հիվանդությանը –խմբ․), որի դեպքում «օրգանիզմն ինքն իր վրա է հարձակվում»։

Նույն օրը Միշիկ Ղազարյանի ու Արփիկ Ասատրյանի մոտ կորոնավիրուս հաստատվեց․ թեստի պատասխանը դրական էր։ Նրանց տեղափոխեցին Կոմունարկայի հիվանդանոց։

«Ծնողներիս համար ամեն ինչ վատագույն ելքով ավարտվեց։ Մայրս Կոմունարկայի ճանապարհին վատացավ, նրան տեղափոխելու ընթացքում անընդհատ փորձում էին ուշքի բերել։ Այդ տեղափոխությունը նրա համար իր կյանքն արժեցավ, հորս միանգամից միացրին թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Նա 11 օր միացված էր սարքին», - ասաց Սերինեն։

Հույս կար, որ Միշիկ Ղազարյանը բարեհաջող կհաղթահարի հիվանդությանը, քանի որ նրա վիճակը կայուն էր։ Ցավոք, ապրիլի 6-ին նա մահացավ։

Ի՞նց ցույց տվեց դիահերձումը

Ղազարյանի ու Ասատրյանի դիահերձումը ցույց տվեց, որ կորոնավիրուսը «շոկային թոք»  էր առաջացրել։

«Այսպես ասած՝ նրանք շնչահեղձ են եղել, միանգամայն առողջ լինելով։ Դա իսկապես սարսափելի է։ Բոլոր մեծահասակներին հորդորում եմ տանը մնալ։ Սա կատակ բան չէ, վարակն իսկապես սարսափելի է»,- ընդգծեց նրանց դուստրը։

Նա կոչ արեց բոլորին հետևել կարանտինի պահանջներին։ Ղազարյանն ասաց, որ իր ծնողները ժամանակից շուտ հեռացան կյանքից, նրանք դեռ ասելիք ունեին գիտական աշխարհին։

«Հայրս վերջին տասը տարվա մեջ 500 գիտական աշխատանք էր հրապարակել աշխարհի 80 ամսագրերում։ Նա դեռ կարող էր շատ բան անել, բայց ավաղ․․․», - ցավով արձանագրեց Սերինեն։

Միշիկ Ղազարյանին և կնոջը՝ համաճարակաբան Արփիկ Ասատրյանին հոսպիտալացրել էին մարտի վերջին։ Միշիկ Ղազարյանը հայտնի ֆիզիկոս էր, նա ստեղծել է սպեկտորի տեսանելի մասի ամենավառ իմպուլսային-պարբերական լազերը, որի համար 1980 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Մինչև կյանքի վերջն աշխատել է Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում։

Արփիկ Ասատրյանն աշխատում էր Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ամբիոնում։