Ամեն ինչ փակ է, գործ չկա. ինչու են ՀՀ քաղաքացիները շարունակում սպասել «Դոմոդեդովոյում»

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը խորհուրդ է տալիս հայրենակիցներին լքել օդանավակայանը, քանի որ քաղաքացիների կուտակումը հակասում է կարանտինային ռեժիմի կանոններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում` սպասելով հայրենիք մեկնող չվերթի։ Լրագրող Վյաչեսլավ Նեմիշևի հետ զրույցում քաղաքացիներից մեկն ասել է, որ իրենք պարբերաբար շփվում են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։

«Մեզ ինքնաթիռ է պետք, որպեսզի հայրենիք վերադառնանք։ Իսկ ինքնաթիռ չեն տալիս», – ասել է նա լրագրողին։

Մեկ այլ քաղաքացի էլ ասել է, որ իրենք այլևս անելիք չունեն Մոսկվայում և մնալու հնարավորություն չկա։

«Մենք արդեն երկու օր է` օդանավակայանում ենք։ Մոսկվայում ամեն ինչ փակ է, աշխատանք չկա», – նշել է նա։

ՀՀ քաղաքացիները չեն լքում «Դոմոդեդովոն». դեսպանատունը հայտարարություն է տարածել

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով խոսել էր «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն ՀՀ քաղաքացիների հետ, որոնք նախորդ օրվա չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնել էին, որ առաջիկայում դեպի Երևան թռիչք չի նախատեսվում։

Հիշեցնենք ապրիլի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով հայրենիք վերադարձան 230 քաղաքացի, որոնցից 201-ի մեկնումը կազմակերպվել է անվճար։ Ավելի վաղ՝ ապրիլի 6- ին և 7-ին կազմակերպված չարտերային չվերթերով 400-ից ավելի քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։

Հայրենիք վերադառնալու համար դեսպանությունում ցուցակագրվածների թիվը, սակայն, գրեթե 2000 էր։ Հիշեցնենք, որ նշված չարտերային չվերթերով Հայաստան վերադարձած բոլոր քաղաքացիներն անմիջապես օդանավակայանից տեղափոխվել են մեկուսացման հատուկ վայրեր՝ 14-օրյա կարանտինային պարտադիր ռեժիմում անցկացնելու համար։