Ազգային ժողովում քննարկվում է ԿԲ նոր նախագահի թեկնածության հարցը

ԱԺ պատգամավորներին ներկայացրել են ԿԲ նախագահի միակ թեկնածուին` հայտնելով կենսագրական տվյալներ։
Sputnik

ԵՐԵԱՎՆ, 16 ապրիլի - Sputnik. Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։

Կառավարության ներսում կադրային լուրջ իրարանցում է. ո՞վ կլինի ԿԲ–ի նոր նախագահը. «Իրատես»

Նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Մարտին Գալստյանի թեկնածությունը։

ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Մանուկյանը, ներկայացնելով Գալստյանի կենսագրական տվյալները, հայտնեց, որ թեկնածուն 2018–ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։
Նա 1994-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ 2002թ. Երևանի պետական համալսարանում ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան։

2009-2010թթ. որպես մագիստրոս սովորել է Հարվարդի Համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման դպրոցում` Հանրային կառավարման ֆակուլտետում։ Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

ԱԺ պատգամավորներն այժմ հարցուպատասխանի միջոցով քննարկում են Գալստյանի թեկնածության հարցը։

ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը. կորոնավիրուսը 7 անգամ նվազեցրել է սպասումները

«Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում շատ բան է փոխվել: Հաճախ լսելի են դարձել «պատերազմական իրավիճակ», «աշխարհը նույնը չի լինելու» արտահայտությունները: Շատ տնտեսագետների կանխատեսումների համաձայն` տնտեսական անկումը լինելու է շատ ավելի խորը, քան նույնիսկ 2008-09 թթ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ»,–իր ելույթում ասաց Գալստյանը։

Նրա խոսքով` տնտեսագետները միակարծիք են ճգնաժամի հաղթահարման և տնտեսական քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Հիմնական հնչող եզրույթը հետևյալն է՝ արձագանքել արագ և անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է։

Արդեն 800 ընկերություն դիմել է կառավարության ծրագրերում ընդգրկվելու համար. ԿԲ

Գալստայնը հայտնեց, որ Կենտրոնական բանկը դեռևս մարտի սկզբին առևտրային բանկերի ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկել էր հնարավոր զարգացումները՝ պայմանավորված վարկառուների ֆինանսական դիրքի հնարավոր վատթարացմամբ և հորդորել էր ցուցաբերել անհատական մոտեցում վարկառուներին և հետաձգել վարկերի վճարումները:

Պայմանավորվածության համաձայն` ԿԲ–ն իր կողմից որոշակիորեն թուլացրել է ֆինանսական հաստատությունների կարգավորման ռեժիմը: Ինչպես նաև 6 ամիս ժամկետով երկարաձգվել է ընթացիկ մարումների ժամկետները՝ միջազգային ծրագրերով տրամադրված և ծրագրային հիփոթեքային վարկերի համար:

Նա ասաց նաև, որ ԿԲ–ն բանկերի և վարկային կազմակերպությունների հետ աշխատում է ամենօրյա օպերատիվ կապի ռեժիմով, հնարավորինս արագ հավաքագրելով և լուծում տալով ներկա իրավիճակի հետ կապված խնդիրներին:
Հիշեցնենք, որ ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանը պաշտոնավարում է 2008 թվականից։  ԱԺ-ն նրան 2 անգամ ընտրել է այդ պաշտոնում։ Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։