ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputik. Տավուշում կորած 57-ամյա տղամարդուն գտել են: Նա ողջ-առողջ է: Լուրը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻՆ Տավուշի հրշեջ–փրկարարական ջոկատի հրամանատար Վիկտոր Թադևոսյանը:
Հիշեցնենք՝ երեկ՝ ապրիլի 14-ին, Բերդ համայնքի բնակիչը տնից դուրս էր եկել ու այլևս չէր վերադարձել։
«Տղամարդը` 57–ամյա Արամը, գնացել է «Եղիշավան» կոչվող հանդամաս` սունկ հավաքելու և չի վերադարձել։ Նա առողջական որևէ խնդիր չունի, և չգիտենք` ինչպես է այսպես ստացվել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։
Տավուշի հրշեջ–փրկարարական ջոկատի հրամանատար Վիկտոր Թադևոսյանն էլ հայտնել էր, որ տղամարդու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նրա խոսքով` անտառը, ուր գնացել է տղամարդը, բավական մեծ է, սակայն տղամարդն առաջին անգամ չէ, որ գնում է այդ տարածք։