Կորոնավիրուսից մահացածը 66-ամյա տղամարդ է. մանրամասներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից մահանալու ևս մեկ դեպք է արձանագրվել։ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ մահացածը 66-ամյա մի տղամարդ է։

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա»,–Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում արդեն իսկ 17 մահվան դեպք է արձանագրվել։ Այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 1111 է. մեկ օրվա ընթացքում 44 նոր դեպք է հայտնաբերվել։