Արդեն 800 ընկերություն դիմել է կառավարության ծրագրերում ընդգրկվելու համար. ԿԲ

Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգսը», Հայաստանի համար կանխատեսել է կայունից բացասականի անցումով տնտեսական աճ։ Պարզվում է՝ սա միայն Հայաստանին բնորոշ չէ. ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում նույն պատկերն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի-Sputik. Մինչև կորոնավիրուսի տարածումը Հայաստանում ֆինանսական ամուր հիմքեր կային, որպեսզի տարբեր քայլերի միջոցով համակարգն օգներ տնտեսությանը գլուխ բերելու կորոնավիրուսային ճգնաժամը։ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով ֆինանսական ընթացիկ վիճակն ու այն քայլերը, որոնք ձեռնարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։

ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը. կորոնավիրուսը 7 անգամ նվազեցրել է սպասումները

Նա նշեց, որ դեռևս մարտի սկզբից, երբ արդեն կային նշույլներ, որ կորոնավիրուսը կարող է ազդել տնտեսության վրա, Կենտրոնական բանկը տնտեսական համակարգի հետ սկսեց գրեթե ամենօրյա շփումներ ու քննարկումներ այն քայլերի ուղղությամբ, որոնք կարող էին օգնել տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմել։

Հիմնական քայլերից մեկը Գրիգորյանը համարում է այն, որ բանկերը սկզբում առանձին-առանձին հանդես եկան հայտարարությամբ, ապա նաև Բանկային միության կողմից ընդհանուր հայտարարություն տարածվեց, որ բանկերը, վարկային կազմակերպությունները պատրաստ են հաճախորդների հետ աշխատել անհատական մոտեցմամբ։

«Այս ամենն իրականացվեց պայմանով, որ հաճախորդները մոտակա երկու-երեք ամիսներին չպետք է ունենան որևէ խնդիր վերանայումների հետևանքով իրենց վարկային պատմության հետ, հետագայում չպետք է խնդիրներ ունենան վարկային բեռի մեծացման մասով»,- նշեց Գրիգորյանը։

Կառավարությունը պատրաստվում է փոխել 2020թ-ի բյուջեն. նախագիծը մշակվում է

Բանկերի կողմից տնտեսության ֆինանսավորումն ավելի խթանելու համար՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն նվազեցրել է 0,25 կետով։

«Սա նման իրավիճակներում որոշ երկրների կողմից դիտարկվում է ոչ սպասված քայլ, բայց ԿԲ-ն արեց դա։ Այնուհետև մենք տեսանք, որ շատ երկրներ ևս գնացին նմանատիպ քայլի»,- հավելեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայաստանյան ֆինանսական համակարգը կապիտալով հագեցած է և ունի բավականին իրացվելի միջոցներ, բայց Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել ու հիշեցնում է՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին ապահովել համապատասխան իրացվելիությամբ։
Անդրադառնալով այն հարցին, որ աշխարհի առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգսը» Հայաստանի համար կանխատեսումները կայունից բացասականի անցումով է արել, բանախոսը նշեց, որ սա միայն Հայաստանին բնորոշ չէ, այլև ԱՊՀ գրեթե բոլոր երկրներին։

Հայաստանում կհայտնվեն դիմացկուն և շատ կարևոր թղթադրամներ. Կենտրոնական բանկ

«Ֆիչը» վերանայել է վարկանշային կանխատեսումները տարբեր երկրների ֆինանսական համակարգերի մասով, ինչը, ըստ մասնագետի, նորմալ է նման համաշխարհային ճգնաժամի պարագայում և չի նշանակում Հայաստանի համար ռիսկայնության ավելացում։

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում արդեն գրեթե 800 կազմակերպություններ դիմել են կառավարության ծրագրերում ընդգրկվելու համար։ Դիմելու նպատակը բազմազան է՝ աշխատավարձեր, հումքանյութերի, սարքավորումների ձեռքբերում և այլն։
«Փորձում են օգտվել կառավարության առաջարկված երեք գործիքներից էլ՝ վերաֆինանսավորում, համաֆինանսավորում, սուբսիդավորում»,- ասաց նա։

Ամփոփելով, որ այս պահին ունեցած տվյալները, ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենը հայտնեց, որ ընդհանուր առմամբ բանկերի կողմից կա բավարարված արդեն մոտ 220 հայտ, որի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 10 միլիարդ դրամ։ Նա կարծում է, որ սա բավականին լավ ցուցանիշ է, և առաջիկայում թվերը դեռ կավելանան։