26 տարեկանը կենսաթոշակառու չէ. կառավարությունը չի ընդունում «Բարգավաճ Հայաստանի» առաջարկը

ԲՀԿ-ն առաջարկում է փոխել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքն ու մինչև 26 տարեկան քաղաքացիներին թույլ տալ կենսաթոշակ ստանալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կենսաթոշակ վճարել ծնողական խնամքից զրկված այն ուսանողներին, որոնք չունեն աշխատելու հնարավորություն:

Նպաստառուների դեպքում գործում են աջակցության այլ ձևեր. Բաթոյան

«Ինձ դիմել են բազմաթիվ ուսանողներ, որ այս ֆորսմաժորային իրավիճակում ուսման վարձը գոնե 25%-ով զեղչվի»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հայտնեց, որ կառավարության տրամադրած տեղեկությունների համաձայն` այսօր բուհական համակարգում այդ թիրախային խումբը հետևյալ պատկերն ունի. 21 տարեկան՝ 5 033, 22 տարեկան՝ 371, 23 տարեկան՝ 66: «Ենթադրում եմ, որ 26 տարեկան 3-4 հոգի կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայում արտակարգ դրության հետևանքով ուսանողներն անկարող են վճարել իրենց ուսման վարձերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտնեց, որ կառավարությունը դեմ է և առաջարկում է նախագիծը հանել շրջանառությունից:

Կառավարության կարծիքով՝ 26 տարեկան քաղաքացին չի կարող կենսաթոշակառու լինել:

«Որևէ մեկը չի վիճարկում ուսանողին աջակցելու հնարավորությունը: Բայց կենսաթոշակայինն այն համակարգը չէ, որի շրջանակում պետք է լուծենք այս խնդիրը»,- ասաց Սաիյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը չհամաձայնեց փոխնախարարի հետ՝ նշելով, որ եթե մարդն ապրուստի այլ միջոց չունի, պետությունը պարտավոր է նրան կենսապահովման գումար վճարել՝ անկախ տարիքից:

Երթուղայինների վարորդներն առանձին աջակցություն չեն ստանա. նախարար